Հստակեցվել են Փարիզյան համաձայնագրի ներքո ազգային մակարդակով սահմանված ներդրումները

06-11-2019

Ս.թ. նոյեմբերի 6-ին շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ մեկնարկել է Փարիզյան համաձայնագրի ներքո ազգային մակարդակով սահմանված ներդրումների վերաբերյալ աշխատաժողովը։
Աշխատաժողովը միտված է ազգային մակարդակով սահմանած ներդրումների իրականացման և կատարելագործման առաջնային ոլորտների նախանշմանը և համապատասխան շահագրգիռ գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցության ամրապնդմանը:
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միխաելա Ստոկոսկան և այլ կառույցների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն անդրադարձել է Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին և օրենսդրական կարգավորումներին։ Մասնավորապես Իրինա Ղափլանյանը ներկայացրել է ազգային մակարդակով սահմանված ներդրումների իրականացման և առաջխաղացման ներկա վիճակը։ Կլիմայի քաղաքականության մեղմման միջոցառումների շրջանակներում նախարարի տեղակալը կարևորել է ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունը, ի նպաստ երկրի շարունակական զարգացման  և տնտեսական աճին։
Աշխատաժողովին մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության և շահագրգիռ այլ նախարարություների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների,  միջազգային կառույցների ոլորտային մասնագետներ ու փորձագետներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են ազգային մակարդակով սահմանված ներդրումների, կլիմայի փոփոխության գործողությունների բարելավմանն ուղղված ծրագրերն ու հետագա քայլերը։ 
 

<
>