Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

21-11-2019

Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ` շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: 
Նիստի ընթացքում լսվեց «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառուների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ լիածավալ ծրագրի իրականացման 2019թ.-ի առաջընթացի և խնդիրների  մասին զեկույց, որով հանդես եկավ ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը: 
Ներկայացված ծրագրի ավարտի վերջնաժամկետն առկա խնդիրների պատճառով 2018 թվականից տեղափոխվել է 2021թվական:
Նիստի ընթացքում ներկայացվեց «ՕՇՔՆ-ների (օզոնային շերտը քայքայող նյութերի) և ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչների) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիրը Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագիրը և դրա շրջանակներում իրականացված աշխատանքները։ 
Շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրեց 2019 թվականի ընթացքում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրով կատարված աշխատանքները, ինչպես նաև նշեց, որ 2020 թվականին կիրականացվեն գործողությունների ազգային ծրագրի վերանայման/թարմացման աշխատանքներ և Կառավարության հաստատմանը կներկայացվի 2021-2025 թվականների գործողությունների ազգային ծրագիրը։
Քննարկվեց նաև Ստոկհոլմի կոնվենցիայով արգելված քիմիական նյութերի ցանկի հաստատման հարցը, որում հաշվի են առնվել նաև ԵԱՏՄ կողմից առաջադրված քիմիական նյութերը։ Առաջարկվեց մշակել ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից բխող՝ կարգավորման ենթակա  քիմիական նյութերի մասին օրենքի նախագիծ, որտեղ կընդգրկվեն Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաներով արգելման ենթակա քիմիական նյութերը և արտադրատեսակները։ Առաջարկն ընդունվեց միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կողմից։
 

<
>