Կլիմայի փոփոխությունը՝ ուշադրության կենտրոնում

30-01-2020

«ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի համատեքստում շրջակա միջավայրի նախարարությունն այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում։ Օրակարգում Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՄՍԳ) իրականացման ընթացքն էր:
Քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Կլոր սեղանին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Միխաելա Ստոկոսկան, Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության օժանդակության գրասենյակի փոխտնօրեն Ռոմեո Բերտոլինին, շահագրգիռ կառույցների, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԱՄՍԳ-ի թարմացման արդի գործընթացը, ռազմավարությունը և կառավարության հավակնությունները՝ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների լրամշակման մասով:
Մասնակիցներին ողջունել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորություններին, մասնավորապես՝ կլիմայի մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին, ինստիտուցիոնալ համակարգերին, ինչպես նաև ֆինանսավորման հետ կապված այլ խնդիրներին։ Իրինա Ղափլանյանն իր խոսքում նշել է նաև ԵՄ գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրերի կարևորությունը՝ ընդգծելով համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

<
>