Ո՞ր շինությունները կքանդվեն սկզբում. Սևանի ափերը մաքրվում են

29-04-2020

Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից մտնում է գործնական փուլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես մասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։
Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68.000 քառակուսի մետրը։ 
Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ։ 
Մրցույթին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալու համար կարող եք հետևել առցանց հղմանը`
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6086853&fbclid=IwAR2RKSPqZTMHZQtQ8tVRIw8euTX5mKRtJx61IBgYFxY6mgilTZSqg0Cqlg8 
Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջը օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։
 

<
>