660.000 ԴՈԼԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ «կանաչ» ֆինանսավորման խթանմանը

21-05-2020

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած  Հայաստանում «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը: Կանաչ կլիմայի հիմնադրամը ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում։ Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվողականության և մեղմման համար։  
Այս նախագիծը ՀՀ-ում  հիմնադրամի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրն է «կանաչ» ֆինանսավորման ոլորտում և իր ձևաչափով աննախադեպ է։
Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման խթանմանը և  առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն  աջակցելու նպատակով:
Հայտարարված մրցույթի արդյունքում «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի իրականացնող մարմին է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Վերջինս իրականացնելու է ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումը և դրամաշնորհի միջոցների արդյունավետ տեղաբաշխման վերահսկողությունը: 
Դրամաշնորհը ուղղվելու է միջազգային և տեղական լավագույն փորձագետներին և խորհրդատուներին ներգրավելու համար, որպեսզի վերլուծվի Հայաստանում "կանաչ" ֆինանսավորման արդի իրավիճակը, ուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը։ Գործընթացները ներառելու են նաև շահառու ֆինանսական կառույցների փորձի և իրականացված նախագծերի ուսումնասիրություններ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել համապարփակ ճանապարհային քարտեզ։
«ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ Կենտրոնական Բանկը, ՀՀ Ֆինանսաբանկային համակարգի մասնակիցները և  ոլորտին առնչվող մասնավոր ընկերությունները: Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր շահառուները հնարավորություն կստանան ծանոթանալ ուսումնասիրությունների արդյունքներին, ինչպես նաև էականորեն կբարելավեն իրենց կարողությունները և մեթոդաբանությունը "կանաչ" ֆինանսավորման ոլորտում: Իրականացված ուսումնասիրությունները հնարավորություն կտան ամրապնդել և զարգացնել ՀՀ-ում "կայուն" ֆինանսավորման ուղղությունը և ներգրավված շահառուները  կկարողանան ներգրավել ֆինանսական և տեխնիկական միջոցներ՝ իրենց գործունեությունը նշված ուղղություններով ընդլայնելու համար։
Հաշվի առնելով տվյալ ծրագրի արդյունավետ  իրականացման կարևորությունը բոլոր շահառուների և նաև պետության համար, խիստ կարևորում  ենք բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը ծրագրով նախատեսված միջոցառումներին։
 

<
>