ՆՈՐ ԱՂԲԱՏԱՐ՝ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻՆ

22-05-2020

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից այսօր Արթիկ քաղաքին հանձնվեց մասնագիտացված աղբատար մեքենա և 52 աղբաման։
Աղբատար մեքենան և աղբամանները քաղաքին են հանձնվել Հարմարվողականության Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է կրճատել Արթիկի և հարակից համայնքների բնակչության առողջության վրա բացասական ազդեցությունները։ 
Նախատեսվում է, որ Արթիկի քաղաքապետարանին հանձնված տեխնիկան և գույքը կնպաստեն աղբահանության ճիշտ կազմակերպմանը, ինչն էականորեն կազդի շրջակա միջավայրի պահպանության և բարելավման վրա։ 
Ծրագիրն ընդգրկում է Շիրակի մարզի Արթիկ, Հառիճ, Վարդաքար և Նահապետավան համայնքների վարչական սահմաններում առկա փակված քարհանքը և գյուղատնտեսական նշանակության հողերը։
«Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի նպատակն է աջակցել տեղական համայնքներին և մարզային իշխանություններին մշակել և իրականացնել կայուն տնտեսական զարգացման ծրագիր՝ հաշվի առնելով հարմարվողական ներուժը։ Տվյալ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից, որոնց իրականացման արդյունքում էլ ակնկալվում է ապահովել երկարատև և կայուն արդյունքներ։
Ծրագրի «Կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների ազդեցության տակ գտնվող տարածքի բնական լանդշաֆտների վերականգնում, կառավարում և հարմարվողական ներուժի բարձրացում» բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման մեխանիզմ, նվազեցնել թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և բարելավել քաղաքի հարակից տարածքները:
 

<
>