Նորաստեղծ կառույցի ձեռքբերումները

01-07-2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Հաշվի առնելով նորաստեղծ ՊՈԱԿ-ի լիազորությունների լայն շրջանակն ու կատարվող աշխատանքների ծավալը, նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է առկա մարտահրավերները, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք խնդիրներ, նոր ձևավորված կառույցի կառուցվածքին և այլ առանձնահատկություններին առնչվող հարցեր։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը Վահե Ջիլավյանին է ներկայացրել հիդրոկենսաբանական մոնիթորինգի ուղղության ներդրման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Ազիզյանը նշել է նաև, որ մոտ ապագայում Հանրապետության 6 մարզերում՝ Արագածոտնում, Արմավիրում, Շիրակում, Վայոց ձորում, Լոռիում և Արարատում կներդրվեն օդերևութաբանական  23 ավտոմատացված կայաններ, որոնք հնարավորություն կտան անհամեմատ ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքագրել, այդ թվում նաև՝ եղանակի կանխատեսումների վերաբերյալ։ Առաջիկայում նախատեսվում է նաև տեղադրել հիդրոլոգիական 6 դիտակետեր։ 
Ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև մոնիթորինգային սարքավորումների արդիականացմանը և վերազինմանը վերաբերվող հարցեր։ Անտառային մոնիթորինգի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման խնդիրը նույնպես ներառված էր աշխատանքային խորհրդակցության օրակարգում։
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Գագիկ Սուրենյանը, Գայանե Շահնազարյանը, Արման Ավագյանն, Արմեն Դպիրյանն ու այլ պատասխանատու պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում ստեղծվել է նոր՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն այժմ գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության ներքո։
 

<
>