Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային առցանց հանդիպում-քննարկում է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ

09-09-2020

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն ունեցավ Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչներ՝ ի դեմս Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնական ռեսուրսների և էներգետիկայի բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը, ծրագրերի ղեկավար Ֆրանկ Մյորշլը և բանկի տարածաշրջանային ղեկավար Կլաուս Վեյգելը և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ ձևաչափում համատեղ ծրագրերի ընթացքին և դրանց ընդլայնմանը վերաբերող հարցերին։
Քննարկվեցին 8.25 մլն եվրո ֆինանսական աջակցության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում սոցիալ-տնտեսական և բնապահպանական ուղղվածության 14 դրամաշնորհային ծրագրերը՝ 350.000 եվրո ընդհանուր բյուջեով ծրագրերի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը։
Անդրադարձ կատարվեց 23.2 մլն եվրո արժողությամբ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին», որն ուղղված է կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարմանն ու այդ տարածքներում մարդածին ներգործության նվազեցմանը, տեղական և ազգային մակարդակով շահագրգիռ կողմերի ներուժի հզորացմանը, ինչպես նաև տվյալ տարածքների կայուն ֆինանսական օժանդակության հնարավորությունների ստեղծմանը։
Կովկասի բնության հիմնադրամի կողմից 2020 թվականին Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի շրջանակում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների և այլ ընթացիկ ծախսերի ֆինանսավորում։ Քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության բաղադրիչները։
Օրակարգային վերջին հարցը շրջակա միջավայրի բարեփոխումների վրա հիմնված վարկային համաձայնագիրն էր, որի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների շարք, որոնք կապված են կայուն անտառկառավարման, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի ստանդարտների և կանոնակարգերի հետ։
Միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։ Խիստ կարևոր է միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ օրգանիզմի առողջ ու կենսունակ լինելու համար անհրաժեշտ է միասնական ջանք ու ներդրում։

<
>