Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ

10-09-2020

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում-քննարկում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, նախագծի ղեկավարի տեղակալ Ջուլի Պեկովսկին, Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը, Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Էնդրյու Գոլդան, տնօրենի պաշտոնակատար Ջեֆ Պարետչանը։
Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն ավարտել է իր առաքելությունը մեր երկրում, նախարարը հրաժեշտ տվեց տիկին Գրիզերին՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունն իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի ծառայությունները բարելավելու գործընթացում ՝ նպաստելով կլիմայի փոփոխության ազդեցություններին Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականությանը։
Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց 2015 թ. մեկնարկած «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» հնգամյա ծրագրին, որի բյուջեն կազմում է 4.991.630 ԱՄՆ դոլար։
Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալներն ու ապահովել ռեսուրսների կայուն վիճակը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է.
Նպաստել էներգետիկ և ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման կարողությունների զարգացմանը,
Բարելավել մաքուր էներգիայի, ջրի, ջրահեռացման և հիգիենիկ իրավիճակը, ինչպես նաև ջրերի կառավարման ընթացակարգերը՝ տեղական մակարդակում,
Բարելավել հիդրոէներգետիկայի և ջրի ոլորտի օրենսդրությունը,
Համակարգել ջրային ոլորտի դոնոր կազմակերպությունների գործունեությունը և ապահովել հանրության իրազեկումն ու մասնակցություն գործընթացներին։
Նմանօրինակ քննարկումները կկրեն պարբերական բնույթ։
 

<
>