ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է. ԲՀՊՏ-ՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

15-09-2020

Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով արտակարգ իրավիճակի ավարտը, առաջնորդվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով և ԲՀՊՏ-ների կանոնադրություններով՝ վերսկսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցային տարածքներ մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը։
Մուտքն արգելոցային գոտու կամ արգելավայրերի տարածք թույլատրվում է միայն կազմակերպության համապատասխան աշխատողի ուղեկցությամբ:
Արգելոցի և արգելավայրերի տարածք մուտք գործելու համար`
իրավաբանական անձինք նախապես դիմում են ներկայացնում կազմակերպությանը` մուտքի անցագիր ձեռք բերելու համար, որում պետք է ներառվեն տեղեկություններ տարածք մուտք գործելու նպատակի, ժամանակի և մուտք գործող անձանց թվի վերաբերյալ
զբոսաշրջային կազմակերպությունները նախապես կարող են կնքել պայմանագրեր` զբոսաշրջությունը կազմակերպելու համար
ֆիզիկական անձինք տարածք մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը մուծելուց և կազմակերպության կողմից անցագիր ստանալուց հետո
սահմանված մուտքավճարներն իրավաբանական անձինք նախապես մուծում են կազմակերպության բանկային հաշվեհամարին, իսկ ֆիզիկական անձինք` ինչպես բանկային հաշվեհամարին, այնպես էլ արգելոցի և արգելավայրի անցակետերում
Կազմակերպությունն արգելոցի և արգելավայրերի տարածք ֆիզիկական և իրավաբանական անձանց մուտք գործելու համար տպագրում է տարբերակված անցագրեր:
Արգելոցի կամ արգելավայրի տարածք մուտք գործողները սահմանված կարգով գրանցվում են արգելոցի կամ արգելավայրի մուտքի գրանցամատյանում:
Գրանցամատյանի վարումն իրականացնում է կազմակերպությունը:
Պետական արգելոցի տարածքում արգելվում է՝
բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
որսորդությունը, ձկնորսությունը.
բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը, բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից.
անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ,
երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.
ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
 

<
>