«Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում

16-09-2020

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (World Wide Fund for Nature Armenian branch) տնօրեն Կարեն Մանվելյանին։
Շրջակա միջավայրի նախարարություն - WWF-Հայաստան համագործակցությունը մեկ տասնյակ տարվա պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։
Կառույցի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին պահպանել վտանգված տեսակները, վերականգնել էկոհամակարգերը, իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ, ներդնել տնտեսական մեխանիզմներ՝ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով, այդպիսով խթանել բնական պաշարների կայուն օգտագործմանն ու պաշտպանել կենսաբազմազանությունը։
Պարոն Մանվելյանի հետ քննարկեցին օրակարգի առանցքային թեմաներ, որոնք մեծամասամբ վերաբերվում էին Շրջակա միջավայրի նախարարության և հիմնադրամի համագործակցության զարգացմանը, ընթացիկ ծրագրերին ու առկա խնդիրների լուծմանը։ Հստակեցրեցին հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։
Առանձնահատուկ հիշատակման արժանացավ «Տաթև ազգային պարկ»-ի ստեղծման գաղափարը, որն իրագործման դեպքում կներառի շուրջ 10.000 հեկտար տարածք՝ այդ կերպ Սյունիքի մարզում ձևավորելով տեղի հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված կարևոր օղակ ։
«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի համատեքստում անդրադարձան ինչպես ֆինանսական, այնպես էլ միջպետական համագործակցության բաղադրիչներին՝ չշրջանցելով էկոլոգիական կայուն հողօգտագործման գործելակերպի մշակույթի ներդրման անհրաժեշտությունը։ Ծրագրի նպատակն է դարձնել այս միջանցքները տարածաշրջանային էկոլոգիական ցանցի անբաժանելի մասերը։
«Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցում» ծրագրի համատեքստում քննարկման առարկա դարձավ Հայաստանում ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնն ուղղված աշխատանքների մեկնարկն ու գրանցված արդյունքները։ Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն իսկ գործում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնը, որը կենտրոնում ծնված եղջերուներին ադապտացման շրջանից հետո ազատ է արձակում բնություն։
Նախարարը շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքների համար և իր լիարժեք աջակցությունը հայտնեց  Շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների սահմանում աջակցել ընթացիկ ծրագրերին։
Նախարարը գործընկերներին վստահեցրեցի, որ բաց են ցանկացած առաջարկի և քննարկման համար։
Յուրաքանչյուր գործունեություն, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանի յուրահատուկ բնության, յուրօրինակ կենսաբազմազանության պահպանման և պաշտպանության վրա՝ ողջունելի է, իսկ շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստակամ՝ աջակցել ու մասնակցել նմանօրինակ բոլոր ծրագրերի կյանքի կոչմանը։

<
>