Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այսօր ընդունեց Հայաստանում գործող տուրիստական երկու տասնյակից ավել գործակալությունների ներկայացուցիչների

25-09-2020

Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Բաղդասարյանը, ՀՀ Էկոնոմիկային նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներ,  «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի  նախագահ Մեխակ Ապրեսյանը, զբոսաշրջային միավորումների ու ֆեդերացիաների ղեկավարներ և գիդ-ուղեկցորդներ, ովքեր իրենց ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում են ոլորտի խնդիրներին։
Քննարկվեցին բնության  հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջության հիմնախնդիրներն ու այցելությունների կանոնակարգման հարցերը։
Ներկաներն առանձնացրեցին ոլորտի առավել ուշագրավ  ու հրատապ լուծում պահանջող հիմնահարցերը և համատեղ աշխատանքի համար ուղիներ մշակեցին։
Զբոսաշրջային առավել պահանջված ուղղությունների համար կկազմվեն կառավարման պլաններ, որոնք կներառեն զբոսաշրջային վայրերի պահպանությանը, զբոսաշրջային թողունակությանը և հոսքերի կառավարմանը վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև սահմանափակումներ, որոնք կապահովեն էկոհամակարգերի անխաթարությունը։
Առաջ քաշվեց բնության  հատուկ պահպանվող տարածքներում վերահսկողական գործիքակազմի կարողությունների հզորացման հարցը։ Բնության պահպանությունը պետք է իրականացվի համակարգային մոտեցմամբ։ Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները խնդրի լուծումը տեսնում են համայնքների, ԲՀՊՏ աշխատակիցների,  ԲԸՏ մարմնի և ուժային կառույցների առավել սերտ համագործակցության մեջ։
Աննա Մազմանյանը ներկաներին վստահեցրեց, որ նմանատիպ քննարկումները կկրեն պարբերական բնույթ, կլինեն համատեղ այցեր խնդրահարույց գոտիներ։ Նա նաև հատուկ շեշտեց, որ Շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների  աշխատանքները զուգորդվելու են հանրային շփումներով՝ համոզմամբ, որ դրանք կնպաստեն ոլորտային խնդիրների համալիր լուծմանը։
 

<
>