Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար

25-12-2020

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 9-ը կայացած՝ «Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար» դասընթացին մասնակցած՝ ՀՄԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ավարտական վկայականների հանձնումը։ 
Դասընթացը կազմակերպվել էր Հայաստանում Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության բաժնի կողմից։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ծրագրերի կառավարման փուլերին, առանցքային կլիմայական ֆոնդերի և այլ դոնոր կազմակերպությունների՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի, Ադապտացիոն ֆոնդի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության սկզբունքներին, Փարիզի համաձայնագրին (կենտրոնանալով 6-րդ հոդվածի վրա), Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քաղաքականությանը, գործիքներին, նախագծերի հաստատման գործընթացին և այլն։ 
Մասնակիցները ձեռք են բերել նաև պրակտիկ հմտություններ՝ մրցակցային նախագծերի առաջարկների կազմման (հարմարեցնելով դոնորի և երկրի գերակայությունները) և առանցքային քայլերի (նույնականացում, խորհրդատվություն և բանակցություններ) վերաբերյալ։
ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Ազիզյանն իր խոսքում կարևորեց աշխատակիցների կարողությունների զարգացմանը միտված ցանկացած նախաձեռնություն և հույս հայտնեց, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, քանզի համակարգի զարգացման և արդիականացման գրավականը բանիմաց մասնագետների թիմ ունենալն է։
 

<
>