ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

25-01-2021

Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում    Հայաստան–ԵՄ համագործակցության մի շարք հարցեր  և առաջիկա ծրագրեր։ 
Նախարարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել  լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։ Նախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերի վերաբերյալ միջազգային  կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված  ահազանգերը և նամակները։
Ապա նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է  շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի  կառուցում։
Նախարարն ընդգծել է, որ բոլոր նախանշած ուղղություններում ԵՄ-ն ունի մեծ փորձ, և հենց այդ փորձի ներդրումն ու գործուն աջակցություն են ակնկալում գործընկերներից։
Տիկին Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ  մարտահրավերների՝ պատերազմին և COVID-19 համավարակի հետևանքներին միաժամանակ դիմակայած Հայաստանը կարճ ժամանակում կկարողանա վերականգնման ուղիով ընթանալ և կյանքի կոչել  նախանշված ծրագրերը։
Տիկին դեսպանն ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակը՝  ևս մեկ անգամ շեշտելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ կառավարությանը իր առաջնահերթությունների արդյունավետ իրականացման  գործում։
Եզրափակելով հանդիպումը, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին և իր պատրաստակամությունն հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՝ հանուն ավելի առողջ և պաշտպանված  շրջակա միջավայրի։

<
>