Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին

03-02-2021

Նախարարի տեղակալը, ողջունելով գործընկերներին,  շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համատեքստում։
Գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների հասցեագրման, շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման նպատակով ԵՄ աջակցությամբ իրականացվում են մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր։
Կողմերը մասնավորապես անդրադարձել են՝
«ԵՄ-ն Սևանի համար» 
Ծրագրի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունները, բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման  համար կարողությունները, ինչպես նաև՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
ԵՄ «Ջրային նախաձեռնություն+» 
Ծրագիրն ուղղված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի մշակման և իրականացման մարտահրավերների հաղթահարմանը։ ՀՀ կառավարությունն այս ծրագրի օժանդակությամբ  Սևանա լճի ավազանի համար մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը, որի նպատակն է երկարաժամկետ կտրվածքով ջրային ռեսուրսների կառավարման կառուցվածքավորումն ու բարելավումը ավազանային մակարդակում։
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» 
Ծրագրի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի բնական կապիտալի պահպանության և տնտեսական աճը խթանելու գործում կանաչ աճին  նպաստող հնարավորությունների բացահայտմանը, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմների կիրառմանը՝ արդյունքում զարգացնելով կանաչ էկոնոմիկան։
Քննարկվել են նաև 2019թ. հունիսից Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի՝ Շրջակա միջավայր և Կլիմայի փոխոփություն գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։ 
Անդրադարձ է կատարվել ԵՄ-TAIEX փորձագիտական  առաքելության շրջանակներում տեղի ունեցած սեմինար-քննարկումներին և Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ԵՄ-Թվինինգ տեխնիկական աջակցության գործիքի շրջանակներում «Կենդանական աշխարհի մասին» և «բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների վերանայման գործընթացին։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը հետաքրքրված է նաև  ԵՄ  «կանաչ գործարքի» կիրարկման գործընթացին ՀՀ ներգրավման հնարավորությամբ։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը փաստել են, որ թե՛  օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։

<
>