ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

11-02-2021

Ի պատասխան «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության «Մեր ստուգայց իրականացնող խմբերից մեկը «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի երրորդ պահաբաժնում գտել է մեծաքանակ ծառահատումներ» վերտառությամբ ֆեյսբուքյան հրապարակման.
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հրապարակման հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և «Դիլիջան» ազգային պարկի   աշխատակիցների կողմից «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում իրականացվել են տարածքի տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի հատվել են 5 - 10 մ բարձրությամբ, 4 – 52 սմ տրամաչափերի, ընդհանուր 6 խմ,  13 տարբեր ծառատեսակների ճյուղեր և ճյուղիկներ ( որից՝ 9 բոխի, 3 կաղնի և 1 հացենի): 
Հաջորդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը՝ «Հենց նոր գտանք 30-ից ավել կտրած։ Երկու օրվա մեջ համարյա 100 հատ ծառ...», նույնպես չի   համապատասխանում իրականությանը, քանի որ հատվել են այդ քանակությամբ ճյուղեր և ճյուղիկներ, ոչ թե ծառեր։ 
Նշենք նաև, որ ապօրինի հատված ծառերի ճյուղերը ծառատեսակների  հետագա աճի և զարգացման համար որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ։ 
 Տեղեկացնում ենք, որ ապօրինի հատված  փայտանյութի մի մասը հայտնաբերվել  է, կազմվել համապատասխան արձանագրություն և ուղարկվել  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժին։
Շնորհակալություն ենք հայտնում «Բնապահպանի տուն» հասարակական  նախաձեռնությանը  սրտացավ վերաբերմունքի համար։ 
«Դիլիջան» ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից բարեխղճորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։

<
>