Կայքը վերաթողարկման փուլում է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ

16-10-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: ՊՈԱԿ-ի վարչական շենքում գտնվող թանգարանում կարճատև շրջայցից հետո բնապահպանության նախարարը գերատեսչության պատասխանատուների հետ մեկնել է արգելոցի հրդեհից վնասված տարածքներ, շրջել մի քանի տեղամասերում, որտեղ մասնագետներն  արձանագրել են բնության ինքնավերականգնման ակնառու փաստեր: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն սշխատանքային խմբին, WWF-Հայաստան, CNF կազմակերպությունների ղեկավարներին և լրագրողներին հայտնել է, որ կրակի արագ տարածման հետևանքով շատ բույսերի արմատային համակարգերը չեն վնասվել, ինչը փաստում են ինքնավերականգնման արդեն իսկ արձանագրված համատարած դեպքերը, իսկ կենդանական աշխարհից արձանագրվել է միայն մորեխների և մրջյունների վնասման դեպքեր: Աշխատանքային խմբի անդամները և վերջիններիս ուղեկցող լրագրողները տեղում արձանագրել են արգելոցի բնակչին` գյուրզա տեսակի օձին:
ՀՀ բնապահպանության նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ արգելոցում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ: Մասնավորապես` կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում կձևավորվի ուղեփակոցային հսկողության ծառայութուն` մուտքի սահմանված ռեժիմն լիարժեք ապահովելու համար, երկրորդը` ստեղծվելու է արագ արձագանքման խումբ, որը  որսագողության և տարերային աղետների դեմ պայքարի արագ միջոցառումներ կիրականացնի և երրորդ` կձևավորվեն ըստ տեղամասերի ծառայություններ, որոնք առանձին-առանձին կիրականացնեն արգելոցային ռեժիմի պահպանման և մոնիթորինգի աշխատանքները:  Նախատեսվում է իրականացնել հակահրդեհային համալիր միջոցառումներ` տեխնիկական համապատասխան սարքերով արգելոցը զինելուց մինչև ջրագծերի միջոցով արգելոցի որոշ տարածքներից ջուրն առավել ջրազուրկ հատվածներ հասցնելը: Բարեփոխումների շրջանակում  մշակվում է և առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի արգելոցի կառավարման նոր պլանը, որով լուծվելու են սկզբունքային մի շարք հարցեր, մասնավորապես` ամբողջացվելու են արգելոցի սահմանները, քանի որ դրանց ներկայիս հատվածական բնույթը խոչընդոտում է լիարժեք պահպանությանը, արգելվելու է նաև արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը` բացառելով հավանականությունը, որ այդ հատվածներում որսի թիրախ դառնան նաև արգելոցից դուրս եկած կենդանիները: Նախարարը տեղեկացրել է, որ արգելոցի խնդիրների լուծմանը կուղղվեն դրամաշնորհային և հիմնադրամների կողմից հատկացվող մասնավոր նվիրատվությունները: Սակայն Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել հասարակության մոտ բնապահպանական գիտակցության և մշակույթի ձևավորում, առանց որի, ինչքան էլ լավ աշխատեն պետական պատասխանատու կառույցները, հնարավոր չէ արդյունավետորեն պահպանել շրջակա միջավայրը: Անդրադառնալով հրդեհի բռնկման պատճառների մասին հարցին` Ա.Մինասյանը հայտնել է, որ ԱՄՆ կառավարության տրամադրած արբանյակային լուսանկարներից երևում է, որ հրդեհի բռնկումն արձանագրելուց մի քանի ժամ անց առկա է եղել 3  օջախ, որոնք միմյանցից հեռու են 3-4 կիլոմետր, ինչը բնական երևույթներով չէր կարող պայմանավորված լինել, իսկ մարդու միջամտության միտումնավոր, թե պատահական լինելը  կարող է պարզել միայն հետաքննությունը:

Շրջայց կատարելիս Արծվիկ Մինասյանը հետևել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ինքնատիպ բնաշխարհը  կտավին հանձնելու նպատակով արգելոցում նկարող ՀՀ նկարիչների միության անդամ տասը նկարիչների աշխատանքներին, գոհունակությամբ նկատել, որ վերջիններս իրենց աշխատանքներով մեծապես օգնում են հասարակության շրջանում  բնության հանդեպ սիրո և հոգատարության սերմանմանը և բնապահպանական մշակույթի ձևավորմանը:
ՀՀ բնապահպանության նախարարը ծանոթացել է նաև արգելոցի կարողությունների ուժեղացման նպատակով միջազգային կազմակերպությունների տրամադրած սարքավորումներին և վերազինած հրշեջ մեքենային: Վերջինս վերազինվել և սարքին վիճակի էր բերվել Բնության համաշխարհային հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նման մեքենայի անհրաժեշտությունը զգացվել էր օգոստոսի 12-ին բռնկված հրեդեհի տարածումը կանխելու և ընդհանրապես բնական աղետի դեմ պայքարելու ժամանակահատվածում: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ արգելոցի տեխնիկական վերազինման աշխատանքներին զուգահեռ առաջիկայում պահպանվող տարածքը կապահովվի օդային կապով, ինչը կնպաստի արագ արձագանքման և մոնիթորինգի աշխատանքներին:
 

<
>