ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.03.2023
Հայաստանում մեկնարկեց Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը

Այսօր Երևանում մեկնարկել է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը, որի նպատակն է UNCCD-ի շրջանակներում  մշակել արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկել միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։
Աշխատաժողովին մասնակցում են Երաշտի հարցերով Միջկառավարական աշխատանքային խմբի անդամները, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կոնվենցիայի ազգային համակարգողները։
Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության համար անապատացման դեմ պայքարը դարձել է ռազմավարական նշանակության հիմնախնդիր, իսկ երաշտի ազդեցության հետևանքների մեղմացումը և կանխարգելումը՝  երկրի   կայուն զարգացման  երաշխիք:
«Հայաստանն անապատացման տեսանկյունից հանդիսանում է առանձնապես խոցելի երկիր՝ պայմանավորված իր աշխարհակլիմայական պայմաններով և տնտեսության անցումային փուլում գտնվելով:  
Գտնվելով մերձարևադարձային գոտու չոր ցամաքային կլիմայում, մեր երկիրը դասվում է առավել չոր բնակլիմայական պայմաններ ունեցող երկրների շարքին ու մեր լեռնայնությունը, բուսազանգվածի, կեսազանգվածի նոսրությունը և բնության անհաշվենկատ օգտագործումը բերել են նրան, որ հանրապետության տարածքի շուրջ 70 տոկոսը ենթարկված է տարբեր աստիճանի անապատացման, իսկ  30 տոկոսը՝ խիստ անապատացման»,-նշել է նախարարը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունը խստորեն հավատարիմ է ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացմանը․
«Հիմնախնդիրը կարելի է լուծել շրջակա միջավայրի կայուն կառավարման քաղաքականության մշակման, բնօգտագործման, տնտեսական զարգացման համալիր և ներդաշնակ ճանապարհով: 
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ էականորեն բարելավվում է ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, քանզի անապատացման և երաշտի դեմ պայքարի գործընթացում առաջնահերթ նշանակություն ունի օրենսդրությունում բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման հարցերի համապատասխանությունը։ 
Մշակվում է արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկվում են միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը»,-նշել է Հակոբ Սիմիդյանը։
Ելույթներով հանդես են եկել աշխատանքային խմբի համանախագահողներ  Միշել Բրունթրափը և Ալֆրեդ Պրոսպերը, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը։
Ելույթներին հաջորդել է աշխատանքային քննարկումը։ Աշխատաժողովը կշարունակվի մինչև մարտի 19-ը։