ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.11.2021
Քննարկվել են ՀՀ-ում կլիմայի փոփոխության համատեքստում առկա գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները

Նոյեմբերի 18-19 Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կազմակերպած «ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի նպատակն էր վերհանել կլիմայի փոփոխության համատեքստում առկա կանանց և սոցիալապես խոցելի խմբերին վերաբերող հիմնախնդիրները և ներկայացնել դրանց լուծմանն ուղղված հնարավոր միջոցառումները:
ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանն իր ելույթում կարևորել է քաղաքականությունների մշակման գործընթացներում և համայնքային կյանքում կանանց ներգրավվածությունն ու լիարժեք մասնակցությունը՝ հատկապես կլիմայի փոփոխության համատեքստում:
«Կլիմայի փոփոխության համատեքստում գենդերային հարցն այժմ ուշադրության կենտրոնում է ամբողջ աշխարհում: Հայաստանն այս ոլորտում դեռևս շատ անելիք ունի: Առաջնահերթ, իհարկե, շատ կարևոր է, որ մենք ավելի ակտիվ ներգրավվածություն ունենանք միջազգային հարթակներում՝ հատկապես նկատի ունենալով, որ մենք ունենք այդ ներուժը, ունենք մասնագետներ, որոնք կարող են ներգրավված լինել այդ գործընթացներում: Բացի այդ, շատ կարևոր է նաև, որ մենք հստակ հասկանանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում մեր անելիքներն ու ակնկալվող արդյունքները: Որքան ավելի հստակ վեր հանենք առկա խնդիրները, մշակենք ձևաչափ այդ խնդիրների լուծման համար, այնքան ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը: Անձամբ պատրաստ եմ լիարժեք լինել ներգրավված համապատասխան գործընթացներում», - նշել է փոխնախարար Մազմանյանը՝ ավելացնելով որ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս պատրաստ է աջակցել, մասնակցել ավելի նեղ կազմով նշված հարցերի շուրջ տեխնիկական հանդիպումների ու քննարկումների:
Միջոցառմանը ներկա են գտնվել և առցանց մասնակցել են ՀՀ կառավարության, պետական մարմինների, ՄԱԶԾ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ավելի քան 50 ներկայացուցիչ: