ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2022
Մեկնարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագիրը

Նոյեմբերի 21-ին ազդարարվեց «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագրի մեկնարկը:
Ծրագիրը նախաձեռնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։Հնգամյա ծրագիրն իրականացվելու է Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման նախարարությունների, պետական այլ և տեղական իշխանությունների ու գերատեսչությունների, քաղհասարակության կառույցների, ջրօգտագործողների ընկերությունների, հետազոտական հաստատությունների և լրատվամիջոցների հետ համատեղ, «Դելոյթ Քնսալթինգ»-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադո Բոլդեր համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի հետ համատեղ գործընկերությամբ։ 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ծրագրի հանրային մեկնարկին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ջ. Ալելոն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Դելոյթ Քնսալթինգ»-ի գլխավոր տնօրեն Դեյվիդ Սպիրան, կառավարության ներկայացուցիչներ, գործընկեր համայնքների ղեկավարներ, գիտակրթական հաստատությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
«Իրականացված միջոցառումները  նպաստել են Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ առավել ճշգրիտ որոշումների կայացմանը, արդի տեխնոլոգիաների կիրառման խրախուսմանը և ջրային ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունների բարելավմանը։ 
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հետ համագործակցությունը և վստահ է, որ մեկնարկելիք ծրագրի շրջանակներում կշարունակվի  և կբարելավի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով որոշումների կայացման աջակցող գործիքների ներդրման գործընթացը՝ մասնավորապես ջրավազանային կառավարման պլանների մշակում, արդի տեխնոլոգիաների կիրառում, մոնիթորինգի բարելավում, ջրային պետական կադաստրի տվյալների բացերի լրացում, ջրային ռեսուրսների մոդելավորման գործիքների ներդրում»,-ողջույնի իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Ջրային ռեսուրսների կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Գայանե Հովսեփյանը ներկայացրել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված քայլերը՝ հատկանշելով ջրային օրենսգրքի փոփոխությունները։
Ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումների բարելավումը չափազանց կարևոր է Հայաստանի Հանրապետության համար՝ ստեղծելու ջրային ռեսուրսների հասանելիության հնարավորություններ, միաժամանակ ապահովելով բնապահպանական թողքերը և ջրի որակը՝ քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով:
«Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսված են հետևյալ աշխատանքները՝ նորարար, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառում, ջրային կառավարման բարելավում, խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի բարելավմանն ուղղված փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում՝ դեպի սոցիալապես խոցելի համայնքներ և շահակիր կողմեր ուղղվածությամբ, ինչպես նաև հարևան պետությունների հետ համագործակցությամբ։