ԹԵՓՈՒԿԱԹԵՎԵՐ ԿԱՄ ԹԻԹԵՌՆԵՐ
  Բրենթիս Ինո

Ընտանիք` Նիմֆալիդներ

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը՝ 16–18 մմ), թևերի ընդհանուր գուներանգը մուգ կարմրաաղյուսա գույն է, առջևի և հետին թևերը` սեռին բնորոշ սև պտերի տրամակապերով:

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Հարավային Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տավուշի (Իջևան ք. շրջակայք), Գեղարքունիքի (Շորժա), Կոտայքի (Հանքավան, Արզական, Ծաղկաձոր) և Սյունիքի (Քաջարան ք. շրջակայք, լքված գ. Փխրուտ) մարզերից:

Ապրելավայրերը: Ենթալպյան մարգագետիններ, անտառի վերին եզրի բացատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` հուլիսի սկզբից մինչև օգոստոսի սկիզբը: Կենսաբանության առանձնահատկությունները Հայաստանի պայմաններում հայտնի չեն: Թրթուրների հավանական կերաբույսը Filipendula ulmaria տեսակն է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բարձր չէ: Թվաքանակի փոփոխության միտում ները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում «Արզական-Մեղրաձոր» պետական արգելավայրի տարածքներում:

 

© Ա. Դանչենկո

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Հեսսելբարտ և ուրիշներ, 1995; Տուզով և Բոզանո, 2006

Կազմող` Ա. Դանչենկո