ԹԵՓՈՒԿԱԹԵՎԵՐ ԿԱՄ ԹԻԹԵՌՆԵՐ
  Տարազույգ կապտաթիթեռ

Ընտանիք` Կապտաթիթեռներ

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+B2a: Ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում (ver 2.3) «Համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, սակայն կարող է հայտնվել վտանգված տեսակների թվում» LR/nt կարգավիճակով, ինչպես նաև Բեռնի կոնվենցիայի Հավելված II–ում:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր թիթեռ է (արուի առջևի թևերի երկարությունը 16–19 մմ է, էգինը` 18–22 մմ), արուի թևերի ընդհանուր գուներանգն ալկարմիր է` նեղ սև երիզով և դիսկալ մանրագծերով, էգի առջևի թևերն ալկարմիր են` սև եզրային երիզով, պոստդիսկալ, դիսկալ և միջին բծերով, հետին թևերը գորշագույն են` միմյանց միացած մարգինալ պտերից կազմված կարմիր զոլով, հետին թևերի հակառակ` ստորին կողմը, մոխրաերկնագույն է` պոստդիսկալ և մարգինալ բծերով, առջևի թևերը բաց կարմիր են` լավ զարգացած դիսկալ և պոստդիսկալ պտերի շարքերով, արտաքին եզրը բաց մոխրագույն է:

Տարածվածությունը: Եվրոպա, Կովկաս, Ադրբեջան (Սևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջ), Թուրքիա (Սև ծովյան ափ), Միջին Ասիա, Սիբիր, Հեռավոր Արևելք:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Ռոմանովի ամփոփագրում նշված միակ վայրից` «Lischk» (Զանգեզուրի լեռնաշղթա):

Ապրելավայրերը: Բացատներ անտառում, մեզոֆիլ մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանի պայմաններում կենսաբանության առանձնահատկությունները հայտնի չեն: Եվրոպայում զարգացման ընթացքում տալիս են երեք սերունդ: Առաջին սերնդի հասուն առանձնյակները հայտնվում են մայիսի վերջին: Ձվադրում են Rumex hydrolapathum, Rumex crispus բույսերի տերևների և ցողունների վրա: Ձմեռում են երրորդ, չորրորդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Տվյալներ չկան:

Վտանգման հիմնական գործոնները: Տվյալներ չկան:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի հավանական ապրելավայրերի (Սևանի լեռնաշղթայի հարավային լանջեր, Մեղրիի լեռնաշղթա) հետազոտում, տեսակի հայտնաբերման դեպքում` այդ տարածքներին ԲՀՊՏ–ի կարգավիճակի սահմանում:

 

© Ա. Դանչենկո

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Ռոմանոֆ, 1884; Ա. Պուլին և ուրիշներ, 1998; Սամոդուրով, 2000 (խմբ. Տուզով); Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակ, 2009; Բեռնի կոնվենցիա

Կազմող` Ա. Դանչենկո