ԹԵՓՈՒԿԱԹԵՎԵՐ ԿԱՄ ԹԻԹԵՌՆԵՐ
  Ալկոն կապտաթիթեռ

Ընտանիք` Կապտաթիթեռներ

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 15–19 մմ է, էգերինը` 13–18 մմ): Արուն վերևից փայլատ մանուշակագույն է` արտաքին եզրի մգացումով, լավ արտահայտված դիսկալ և հետ դիսկալ պտերի շարքով: Էգը վերևից միատարր մուգ շագանակագույն է` թույլ արտահայտված դիսկալ պուտով: Թևերի ստորին մակերեսը միատարր մուգ մոխրագույն է` դիսկալ և հետ դիսկալ սև պտերից կազմված լավ արտահայտված նախշով:

Տարածվածությունը: Եվրոպա, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր, Փոքր Ասիա, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Շիրակի (Ջաջուռի լեռնանցք), Տավուշի (Դիլիջան և Իջևան քք. շրջակայք, Աճարկուտ գ.), Կոտայքի (Արզական), Վայոց ձորի (Գնիշիկ գ. շրջակայք), Սյունիքի (Քաջարան ք. շրջակայք, գ. Շվանիձոր) մարզերից, Արագած լեռան հարավային լանջերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Չոր մարգագետիններ, բացատներ, քարքարոտ տափաստաններ` 1400–2300 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Էգը ձվադրում է Gentiana cruciata բույսի ծաղկաբույլերում: Երկրորդ, երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են: Ձմեռումից հետո ավարտում են սնվելը` ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին: Հարսնյակավորվում են մրջնանոցում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի հերկում, կերաբույսի ծաղկման շրջանում խոտհունձ, ինքնաթիռներով անտաառային տարածքների մշակում թունաքիմիկատներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտում: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքում: Ինքնաթիռներով անտառների մշակման ժամանակ անտառի տերևակեր վնասատուների դեմ ընտրողական ազդեցությամբ թունաքիմիկատների օգտագործում:

 

© Ա. Դանչենկո

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Հեսսելբարտ և ուրիշներ, 1995; Տուզով 2000

Կազմող` Ա. Դանչենկո