ԹԵՓՈՒԿԱԹԵՎԵՐ ԿԱՄ ԹԻԹԵՌՆԵՐ
  Մթնշաղային կապտաթիթեռ

Ընտանիք` Կապտաթիթեռներ

Կարգավիճակը: Ընդհատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a: Տեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 2.3) «Համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, սակայն կարող է հայտնվել վտանգված տեսակների թվում» LR/nt կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II–ում:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 13–16 մմ է, էգերինը` 12–15 մմ): Արուի թևերը վերևից մուգ կապույտ են` խիստ մգացած արտաքին լայն եզրով, լավ արտահայտված են դիսկալ և հետդիսկալ պտերի շարքերը: Էգը վերևից միատարր մուգ շագանակագույն է` թույլ արտահայտված դիսկալ պուտով: Թևերի ստորին մակերեսը միատարր մուգ շագանակագույն է` դիսկալ և հետդիսկալ սև պտերի լավ արտահայտված նախշով:

Տարածվածությունը: Եվրոպա, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր, Փոքր Ասիա, Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է ոչ շատ տեղերից` Ստեփանավան քաղաքի շրջակայքից (Լոռու մարզ), Սեմյոնովկա և Շորժա գյուղերից (Գեղարքունիքի մարզ) և Ծաղկաձորից (Կոտայքի մարզ):

Ապրելավայրերը: Մարգագետիններ, անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներ` 2000–2300 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Էգը ձվադրում է Sanguisorba officinalis բույսի ծաղիկների մեջ: Երկրորդ–երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են: Ձմեռումից հետո ավարտում են սնվելը` ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին: Հարսնյակավորվում են մրջնանոցում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի հերկում, կերաբույսի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձ, անասունների գերարածեցում, ինքնաթիռներով անտառային տարածքների մշակում թունաքիմիկատներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում «Արզական–Մեղրաձոր» արգելավայրի տարածքի մեջ: Ինքնաթիռներով անտառների մշակման ժամանակ անտառի տերևակեր վնասատուների դեմ ընտրողական ազդեցությամբ թունաքիմիկատների օգտագործում:

 

© Ա. Դանչենկո

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Հեսսելբարտ և ուրիշներ, 1995; Տուզով 2000; ԲՊՄՄ, 2009; Բեռնի կոնվենցիա

Կազմող` Ա. Դանչենկո