ԾԱԾԱՆԱԿԵՐՊԵՐ
  Սևանի բեղլու

Ընտանիք՝ Ծածանազգիներ

Կարգավիճակը: Խոցելի, տեղային տարածվածությամբ և կրճատվող թվաքանակով էնդեմիկ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2cd:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է Սևանա լճում և որոշ վտակներում: Սևանա լճի ավազանից դուրս չի հանդիպում: Ունի լճային, լճա–գետային և գետային ձևեր:

Ապրելավայրերը: Զբաղեցնում է մինչև 10 մ խորություններում լճի ծանծաղուտային տեղամասերը: Ձմռանը մտնում է 30 մ խորություններում եղած փոսերի մեջ: Լճի որոշ վտակներում առաջացնում է գետային բիոտիպեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սեռահասուն են դառնում 3–6 տարեկանում, էգերը հասունանում են արուներից 1–2 տարի ուշ: Բեղունությունը` 3–20 հազ. ձկնկիթ: Ձվադրում են հունիս–օգոստոսին: Ավելի մանր գետային ձևը, որն ունի սակավ բեղունություն, պահպանվել է գործնականում միայն Արգիճի գետի միջին հոսանքում: Սնվում է մերձհատակային օրգանիզմներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախկինում բազմաքանակ տեսակ էր, որն ուներ արդյունագործական նշանակություն: Տարեկան որսը չէր գերազանցում 20–25 տոննայից: Ներկայումս պոպուլյացիայի, և հատկապես լճային բիոտիպի, թվաքանակը խիստ կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Վտանգման հիմնական գործոններն են լճային բիոտիպի հիմնական ապրելավայրերի և ձվադրավայրերի չորացումը, լճի մակարդակի իջեցումը, հիմնական ձվադրային գետերի ջրի աղտոտումը, ձվադրման ժամանակ ոռոգման նպատակով ջրերի օգտագործումը, ինչպես նաև լճում, ձվադրային գետերում և գետային ձևի բնակեցման վայրերում որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Արհեստական բազմացում չի կատարվել, արհեստական վերարտադրության մեթոդները մշակված չեն: 1981 թ–ից որսը Սևանա լճում արգելված է: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է սահմանել բնական վերարտադրության վերահսկողություն և մշակել տեսակի արհեստական վերարտադրության մեթոդները, ինչպես նաև պահպանության խիստ ռեժիմ սահմանել տեսակի ապրելավայրերում:

 
© Ս. Պիպոյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Բառաչ, 1940; Չիկովա, 1955; Գաբրիելյան, Դադիկյան 1971, 2001; Պիպոյան, Տիգրանյան, 2002; Ռուբենյան, Վոսկանով, 2003; Լեվին, Ռւբենյան 2006

Կազմող` Բ. Գաբրիելյան