Ընտանիք՝ Սխտորագորտեր
Կարգավիճակը: Հազվադեպ, նեղ արեալային, քանակապես կրճատվող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի և Ադրբեջանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (ii, iii):
Տարածվածությունը: Սիրիա, Պաղեստին, Իսրայել, Փոքր Ասիա, Բալկանյան թերակղզի, Կովկաս:
Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է հարավարևելյան շրջաններում: Շատ հազվադեպ հանդիպում է հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում`
Ջրվեժ, Առինջ, Ողջաբերդ (Կոտայքի մարզ), Ռինդ (Վայոց ձորի մարզ) գյուղերի շրջակայքում, Սիսիանի (Սյունիքի մարզ) տարածաշրջանում:
Ապրելավայրերը: Հանդիպում է անտառածածկ, տափաստանային և կիսաանապատային նախալեռներում և լեռնային հարթավայրերում, համեմատաբար բաց լանդշաֆտներում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է բացառապես փորող, գիշերային կենսակերպ: Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջից մինչև մայիսի
կեսերը չցամաքող, բուսականությամբ հարուստ լճերում, արհեստական լճակներում և եղեգնուտային ճահիճներում: Հասուն առանձնյակները կարճ ժամանակ մնում են ջրում ձվադրելու համար, որից հետո դուրս են գալիս ցամաք: Էգը
ձվադրում է ջրասուզված բույսերի տերևների վրա, իսկ դրա բացակայության դեպքում` ջրավազանի հատակին: Ձվակույտն իրենից ներկայացնում է երկու հաստ պարան` 5500–6500 ձվերով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1956 թ –ի հաշվառումների համաձայն՝ Վայոց ձորի մարզում, ջրավազանի ափին 1 կմ երթուղու վրա հաշվառվել է
5–6 առանձնյակ: Ներկայումս քանակությունը խիստ կրճատվել է, իսկ որոշ տեղերում լիովին վերացել է:
Վտանգման հիմնական գործոնները: Ջրավազանների չորացումը և աղտոտումը, տարածքների յուրացումը գյուղատնտեսական գործունեության նպատակով և բնական
ապրելավայրերի քայքայումը:
Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի կոնվենցիայի II հավելվածում: Տեսակի տարածման վայրերը չեն պահպանվում: 1985–1986 թթ –ին Ազատի
ջրամբարում (Արարատի մարզ) բաց է թողնվել լաբորատոր պայմաններում աճեցված 1500 առանձնյակ, որտեղ պոպուլյացիան գտնվում է բարվոք վիճակում: Անհրաժեշտ է ապրելավայրերին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի`
արգելավայրի կարգավիճակ:
|