ԿՐԻԱՆԵՐ
  Միջերկրածովային կրիա

Ընտանիք՝ Ցամաքային կրիաներ

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 2.3) «Vulnerable A1cd» կարգավիճակով: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2cd; B1a+2ab (iii):

Տարածվածությունը: Հյուսիսային Աֆրիկա, Հարավային Եվրոպա, Հարավարևմտյան Ասիա, կղզիներ Մայորկա, Կիպրոս, Սարդինիա, Սիցիլիա, Կանարներ: Հյուսիսային Եվրասիայում հանդիպում է Սև ծովի ափամերձ գոտում` ք. Անապայից մինչև ք. Սուխում, ինչպես նաև Արևելյան Վրաստանում, Ադրբեջանում, Դաղստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության հյուսիսարևելյան մասում տարածված է T. g. ibera ենթատեսակը, իսկ հարավային մասում` T. g. armeniaca ենթատեսակը, որի արեալը տարանջատված է մի քանի պոպուլյացիաների՝ Արարատյան հարթավայրում և Մեղրու շրջանում:

Ապրելավայրերը: Բնակեցնում է տարբեր ապրելավայրեր` չոր տափաստաններ, սարալանջեր` ծածկված աղքատ խոտածածկով, թփուտներով, նոսրանտառով կամ լեռնային անտառով, ինչպես նաև ցածրադիր անտառներ և այգիներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են ապրիլից մինչև նոյեմբերի կեսերը: Ձմեռում են, սովորաբար, աղվեսների և գորշուկների բներում: Սնվում են հյութալի խոտաբույսերով և քիչ քանակությամբ անողնաշարավորներով: Զուգավորումը՝ ապրիլ–մայիսին: Հունիսից սկսած, մեկ սեզոնի ընթացքում ձվադրում են երեք անգամ` ձվերը թաքցնելով հողում փորած փոսի մեջ (2–8 ձու): Ինկուբացիան` 2–3 ամիս: Սեռահասուն են դառնում կյանքի 12–14 տարում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում մոտավոր քանակությունը կազմում է 900–1000 առանձնյակ: 10 հա վրա հանդիպում է 1–5 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի յուրացումը (հատկապես Հայաստանի հարավային մասում) և ապօրինի, անվերահսկելի որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև որոշ պետական արգելավայրերում: Պահվում է աշխարհի բազմաթիվ կենդանաբանական այգիներում և տերարիումիստների մոտ: Հաջողությամբ բազմացվել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում: Գրանցված է CITES–ի հավելված 2–ում, ինչպես նաև Բեռնի կոնվենցիայի II հավելվածում: Ուժեղացնել հսկողությունը ապօրինի որսի նկատմամբ: Կազմակերպել կրիաների վերարտադրությունը քայքայված պոպուլյացիաները վերականգնելու նպատակով:

 
© Ա. Աղասյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Բաննիկով, 1951, 1977; Դարեվսկի, 1957; Լեվինսոն, 1977; ԽՍՀՄ Կարմիր գիրք, 1984; Աղասյան, 1985, 1986, 2001, 2003, 2009; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1987; Անանեվ և ուր., 2004

Կազմող` Ա. Աղասյան