ՄՈՂԵՍՆԵՐ
  Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ

Ընտանիք՝ Ագամաներ

Կարգավիճակը: Նախկինում դիտարկվել է որպես P. helioscopus –ի ենթատեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Խիստ սակավաթիվ, անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered A2c» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2c; B2ab (i, ii, iii):

Տարածվածությունը: Ադրբեջան, Հյուսիսարևելյան Թուրքիա մինչև Արևելյան Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի են առանձին պոպուլյացիաներ Արաքս գետի հովտում: Պահպանվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի, Արմավիրի, Էջմիածնի տարածաշրջաններում և Արարատի մարզի առանձին տեղամասերում:

Ապրելավայրերը: Բնակվում է նոսր քսերոֆիտ բուսածածկով ավազուտային և աղուտային կիսաանապատներում` աքիլեյան, աղուտա յին, տեղտեղ օշինդրային բուսականության առկայությամբ, ծ.մ. 800–1050 մ բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Դուրս են գալիս մարտի սկզբին, և ակտիվ են մինչև նոյեմբեր: Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ, մանր բզեզներ, նեպուկներ, ճաճերի թրթուրներ, սարդեր և այլն): Մեկ տարում ձվադրում է 2–3 անգամ: Ձվակույտում` 2–7 ձու: Բնության մեջ կյանքի տևողությունը` մինչև 3 տարի:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Տարածված է եղել Արարատյան հարթավայրի մեծ մասում` տակիրային կիսաանապատներում և կիսաանապատային ավազուտների ռելիկտային կղզյակներում, րոնք ենթարկվում են ուժեղ մարդածին ճնշմանը: Արդյունքում ապրելավայրերը ամենուրեք կրճատվում են: Այսօր հայտնի են Արաքս գետի հովտում պահպանված միայն 6 պոպուլյացիաներ, որոնցում թվաքանակը խիստ փոքր է: «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում խտությունը կազմում է 1–2, ք. Արմավիրի շրջակայքում` 1–2, գ. Բաղարանի շրջակայքում` 2–3 առանձնյակ 1 հա վրա: Արարատի մարզի ավազուտներում այն կազմում է 1,5–2, իսկ Արմավիրի մարզում` 2–3 առանձնյակ 1 հա վրա:

Վտանգման հիմնական գործոնները: Արարատյան հարթավայրի կիսաանապատների լայնածավալ յուրացումը գյուղատնտեսության նպատակով, գյուղերի ընդլայնումը և արհեստական ջրավազանների ստեղծումը հանգեցրեցին պոպուլյացիաների մեծ մասի քայքայմանը և անհետացմանը: Վտանգ են ներկայացնում նաև գերարածեցումը և անվերահսկելի որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և «Որդան կարմիր» արգելավայրերում, որտեղ անհրաժեշտ է ցանկապատել տարածքներն արածեցումը կանխելու համար և անցկացնել միջոցառումներ` քայքայված պոպուլյացիաների վերականգնման ուղղությա մբ: Որոշակի պայմաններ ստեղծելու դեպքում հնարավոր է բազմացումը տերարիումներում:

 
© Ա. Աղասյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957, 1975; Բաննիկով և ուր., 1977; Աղասյան, 1985, 2001, 2003, 2009; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1987; Անանեվ և ուր., 2004, 2006

Կազմող` Ա. Աղասյան