ՄՈՂԵՍՆԵՐ
  Չեռնովի մերկաչք

Ընտանիք՝ Սցինկեր

Կարգավիճակը: Խիստ սակավաթիվ, նեղ արեալային անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2ac; B2ab(ii,iii):

Տարածվածությունը: Հյուսիսային Եվրասիայի տարածքում հանդիպում է միայն կենտրոնական Հայաստանում, Թուրքիայում (Անատոլիայի հարավային և կենտրոնական մասերը) և Հյուսիսային Սիրիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է միայն Հրազդան գետի միջին հոսանքի հովտում: Հայտնի են տարանջատված պոպուլյացիաներ Քարաշամբ, Բջնի և Թեղենիք գյուղերի շրջակայքում: Պոպուլյացիաների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 3–4 կմ2:

Ապրելավայրերը: Բնակվում է թեք սարալանջերի քարքարոտ տարախոտա-հացազգիներով ծածկված լեռնա–քսերոֆիտ տափաստաններում: Հանդիպում է նաև բուսածածկից համարյա զուրկ լեռնային ապարների ջարդվածքներում: Հիմնականում հանդիպում է մանր քարերի արանքում, որոնց տակ անց է կացնում ժամանակի մեծ մասը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս են գալիս մարտի վերջին: Շոգ, չոր ամիսներին թաքնվում են խորը թաքստոցներում և հողի մակերես դուրս գալիս սեպտեմբերին: Սնվում են մանր թաղանթաթևավորներով, մրջյուններով, երկթևավորներով, բզեզներով և սարդերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ընդհանուր թվաքանակը 250–300 առանձնյակ է: Գարնանը 1 հա մակերեսին` քարերը շրջելով, կարելի է գտնել 1–2 մողես (1985 թ –ի տվյալներ): Տեսակի տարածման շրջանը վերջին տարիներին ենթարկվել է ինտենսիվ մարդածին փոփոխմանը, և վերջին տարիների բազմաթիվ որոնումներն այս շրջանում ապարդյուն էին: Ներկայումս տեսակի տարածման մի շարք տեղամասեր լիովին քանդված են և յուրացված:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի յուրացումը և շինարարական աշխատանքները գգ. Քարաշամբի, Արզականի, Թեղենիքի և Բջնիի ընդլայնման նպատակով: Զգալի դեր են խաղում նաև այդ գյուղերի շրջակայքում լեռնային տափաստանների օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով, որը հանգեցրել է ցենոզի ընդհանուր փոփոխմանը:

Պահպանության միջոցառումները: Տեսակի բնակեցման տարածքը չի պահպանվում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել ապրելավայրերը և դրանց տալ հատուկ պահպանվող տարածքների` արգելավայրերի կարգավիճակ:

 
© Ն. Օռլով

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957, 1975; Բաննիկով և ուր., 1977; ԽՍՀՄ Կարմիր գիրք, 1984; Աղասյան, 1985, 2001, 2003, 2009; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1987; Անանեվ և ուր., 2004

Կազմող` Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան