ՄՈՂԵՍՆԵՐ
  Երկարաոտ սցինկ

Ընտանիք՝ Սցինկեր

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի» VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տեսակը լայնորեն տարածված է Հյուսիսային Աֆրիկայից և Առաջավոր Ասիայից մինչև Հյուսիսարևմտյան Հնդկաստան: Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Հարավային Դաղստանով, Վրաստանով, Հայաստանով, Հարավային Ուզբեկստանով, Տաջիկստանով և Թուրքմենստանով: Դեպի հարավ տարածվում է մինչև Պաղեստին և Սիրիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արարատյան հարթավայրից, Արփա գետի կիրճից, Արաքս գետի հովտից և հանրապետության հարավային նախալեռնային շրջաններից:

Ապրելավայրերը: Բնակվում է խիստ քարքարոտ, չորասեր բուսականությամբ կիսաանապատային տեղանքում` ծ.մ. 400–1500 մ բարձրության վրա: Մտնում է նաև ամրացված ավազուտների տեղամասեր, տեղ–տեղ հանդիպում է գետամերձ մացառուտներում: Չոր տափաստանների գոտում բնակեցնում է տարբեր ժայռային գոյացումները, ավելի հազվադեպ հանդիպում է հարթ տեղամասերում, ավազամկների և այլ կրծողների գաղութների մոտ: Հաճախ բնակվում է այգիներում և հարակից տարածքներում` քարեցանկ ապատերի վրա, դատարկված և կիսաքանդված շինություններում: Որպես թաքստոց օգտագործում է ժայռափոսերը, խորշերը քարերի տակ, կրծողների բները: Փափուկ հողում երբեմն կարող է փորել 150 սմ երկարությամբ և 60 սմ խորութամբ սեփական բներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գարնանն ակտիվ են առավելապես ցերեկը, ամռանը` առավոտյան կամ երեկոյան: Ամռան վերջում հողի մակերես ընդհանրապես դուրս չեն գալիս, ենթադրվում է, որ ամռանը քուն են մտնում: Սնվում է տարբեր անողնաշար կենդանիներով, առավելապես` միջատներով, ինչպես նաև բուսական կերով` հատապտուղներով, պտուղներով: Ձվադրում է հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին: Ձվակույտում` 6–9 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Չնայած լայն տարածմանը՝ Հայաստանի սահմաններում թվաքանակը բավականին փոքր է: Հրազդան գետի կիրճում մայիսի վերջին 2.6 հա վրա հաշվառվել է 3 մողես: Նման խտությամբ բնորոշվում են պոպուլյացիաները գգ. Մեծամորի, Կոշի, Ջրվեժի, Վերին Դվինի, Նարեկի, Ուրցաձորի շրջակայքում: Հարավում նախալեռնային գոտում պոպուլյացիաները համեմատաբար լավ վիճակում են: Մեղրու տարածաշրջանում 1 հա տարածության վրա հունիսի առաջին տասնօրյակում հաշվառվել են 12 առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի յուրացումը գյուղատնտեսության նպատակներով, լանդշաֆտների ձևափոխումը, անօրինական որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ուժեղացնել անօրինական որսի վերահսկողությունը:

 
© Ա. Աղասյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957; Բաննիկով և ուր., 1977; Աղասյան, 1985, 2001, 2009; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1987; Անանեվ և ուր., 2004

Կազմող` Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան