ՄՈՂԵՍՆԵՐ
  Անդրկովկասյան մողեսիկ

Ընտանիք՝ Իսկական մողեսներ

Կարգավիճակը: Նեղ արեալային, քանակապես կրճատվող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered A2c» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab (ii, iii):

Տարածվածությունը: Արևելյան Թուրքիա, Հյուսիսարևմտյան Իրան և Արևելյան Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արաքս գետի ձախափնյա հովտում` ք. Էջմիածնից արևմուտք, մինչև Մեղրու լեռնաշղթայի հարավային նախալեռները:

Ապրելավայրերը: Բնակվում է ամրացված ավազուտներում` ջուզգունի, աստրագալի, օշինդրի, իշկաթնուկի և հազվադեպ, հացազգիների առկայությամբ: Երբեմն հանդիպում է քարքարոտ օշինդրային և աղուտային կիսաանապատներում: Որպես թաքստոցներ ծառայում են թփերի հիմքերում գտնվող կարճ (10–15 սմ) բները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռում է սեպտեմբեր–հոկտեմբերից մինչև ապրիլի առաջին կեսը: Սնվում է մրջյուններով, մանր բզեզներով, թաղանթաթևավորներով, երկթևավորներով, թրթուրներով և սարդերով: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլից մինչև հունիսի առաջին կեսը: Ձվադրումը (3–4 ձու) տեղի է ունենում հունիսից մինչև օգոստոսի սկիզբը: Առաջին տարվա ձագերը հանդիպում են հուլիսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին 10–15 տարիներին թվաքանակը կտրուկ կրճատվել է, ոչնչացվել են Արաքս գետի հովտի մի շարք պոպուլյացիաներ: Արարատյան հարթավայրի մեծ մասում ամբողջովին վերացել է:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի յուրացումը գյուղատնտեսության նպատակներով, ընտանի կենդանիների գերարածեցումը և լանդշաֆտների ձևափոխումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ցանկապատել «Գոռավանի ավազուտներ» արգելավայրը:

 
© Ա. Աղասյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957; Բաննիկով և ուր., 1977; Դարեվսկի, Դանիելյան, 1977; Աղասյան, 1985, 2009; Անանեվ և ուր., 2004

Կազմող` Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան