ՕՁԵՐ
  Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս

Ընտանիք՝ Լորտուներ

Կարգավիճակը: Անդրկովկասի առավել հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակներից մեկն է: Հայտնի են շատ քիչ քանակով առանձնյակներ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(i, iii):

Տարածվածությունը: Առաջավոր Ասիա` մինչև Իրանի արևմտյան հատվածը արևելքում, Հայաստան և Նախիջևան:

Տարածվածությունը Հայաստանում: Միայն Արաքս գետի հովտում, որտեղ բարձրանում է նախալեռներ, մինչև ծ.մ 1200 մ.:

Ապրելավայրերը: Հանդիպում է միայն օշինդրային կիսաանապատներում, չոր և խիստ քարքարոտ լանջերին, որտեղ կան մերկացած ապարներ և քսերոֆիտ բուսածածկով բազմաթիվ քարաբեկորներ, ինչպես նաև ֆրիգանային գոտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է թաքնված մթնշաղային կենսակերպ և ցերեկային ժամերին հողի մակերես համարյա դուրս չի գալիս: Կենսաբանությունը գրեթե ուսումնասիրված չէ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնության մեջ այս տեսակի թվաքանակը, հավանաբար, կայուն է: Նախկին ԽՍՀՄ –ի տարածքում որսվել են 7 առանձնյակներ` հիմնականում քաղաքների շրջակայքում, կամ յուրացված հողերի վրա: Մինչ այժմ Անդրկովկասում հայտնաբերվել են 19 առանձնյակներ, որից 17–ը` Հայաստանում և Նախիջևանում:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել «Խոսրովի անտառ» արգելոցին սահմանակից ռինխոկալամուսի բնորոշ բիոտոպերը` միացնելով այդ տարածքները արգելոցին:

 
© Ա. Մալխասյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957, 1975; Բաննիկով և ուր., 1977; ԽՍՀՄ Կարմիր գիրք, 1984; Աղասյան, Տունիեվ, 1985; Աղասյան, 1985, 1986, 1987, 1996, 2009; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1987; Անանեվ և ուր., 2004; Տունիեվ և ուրիշներ, 2009

Կազմող` Ա. Աղասյան