ՕՁԵՐ
  Կովկասյան կատվաօձ

Ընտանիք՝ Լորտուներ

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Հյուսիսային Իրան, Իրաք, Փոքր Ասիայի արևելյան մասը, Հյուսիսային Սիրիա, Ադրբեջան, Դաղստան, Վրաստան, Հայաստան: Տեսակի արեալը ներառում է նաև Բալկանյան թերակղզին, Էգեյան և Միջերկրական ծովերի մի շարք կղզիները, Լիբանանը և Իսրայելը:

Տարածվածությունը Հայաստանում: Հարավում հայտնի է Արաքսի, հյուսիսում` Քուռի հովտից և նախալեռներից:

Ապրելավայրերը: Առավել հաճախ հանդիպում է թփուտներով և խոտաբուսածածկով լեռների քարքարոտ լանջերին, լեռնա–քսերոֆիտային տափաստանների քարքարոտ տեղամասերում, գիհու նոսրանտառներում, մշակված լանդշաֆտներում` պտղատու և խաղողի այգիներում: Հանդիպում է նաև բաց, օշինդրային և աքիլեյան կիսաանապատներում: Չի խուսափում մարդու մոտիկությունից, հաճախ հանդիպում է տների տանիքներում, քարե պատերի ու ցանկապատերի ճեղքերում: Որպես թաքստոց օգտագործում են ժայռերի ճեղքերը, խորշերը քարերի տակ և տարբեր փորող կենդանիների բները: Հայտնի է մինչև ծ.մ. 2000 մ բարձրությունների վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գարնանը դուրս է գալիս մարտի սկզբին–կեսերին, ձմեռման է անցնում սեպտեմբերի վերջին-հոկտեմբերին: Հեշտությամբ մագլցում է ծառերի և շենքերի պատերի վրա: Ժամանակի մեծ մասն անց է կացնում քարերի տակ: Սնվում է հիմնականում մողեսներով, երբեմն` կրծողներով: Հայաստանում բազմացման տվյալները բացակայում են: Արեալի այլ հատվածներում էգը դնում է 6–9 ձու, հունիսի վերջին–հուլիսի սկզբին: Ձագերը դուրս են գալիս սեպտեմբերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակն ամենուրեք ցածր է: Գարնանը «Խոսրովի անտառ» արգելոցում ցերեկային երթի ժամանակ կարելի է հանդիպել 1–2 առանձնյակ, այլ վայրերում` ոչ միշտ:

Վտանգման հիմնական գործոնները: Ապօրինի որսը, բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել Հայաստանի հյուսիսում գտնվող մեկուսացված պոպուլյացիաները (արգելավայրերի ստեղծում), սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:

 
© Ա. Աղասյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957; Բաննիկով և ուր., 1977; Աղասյան, 1985, 1986, 1987, 1996, 2001, 2009; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1987; Անանեվ և ուր., 2004; Տունիեվ և ուրիշներ, 2009

Կազմող` Ա. Աղասյան