ՕՁԵՐ
  Հայկական իժ կամ Ռադդեի իժ

Ընտանիք՝ Իժանման օձեր կամ իժեր

Կարգավիճակը: Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+2b (ii, iii):

Տարածվածությունը: Արևելյան Անդրկովկաս և Թուրքիայի ու Իրանի հարակից շրջաններ: Անդրկովկասի սահմաններում արեալն անցնում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների հարավային թևերով:

Տարածվածությունը Հայաստանում: Տարանջատված պոպուլյացիաները, որոնց միջև կան տարբեր արգելքներ, կենտրոնացած են Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:

Ապրելավայրերը: Բնակվում է լեռնաքսերոֆիտային անտառներում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին, ծ.մ. 1300–1800 մ բարձրության վրա, երբեմն բարձրանում է մինչև 2500–2700 մ: Երբեմն մտնում է մշակովի դաշտեր, որտեղ մնում է քարերի կույտերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ է ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը: Սեռական ակտիվությունը սկսվում է մայիսի կեսերից և շարունակվում մինչև հունիսի վերջը: Հղիությունը տևում է 150–160 օր: Ձվակենդանածին է: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը: Հայկական իժի էգերի բազմացման ցիկլը բնության պայմաններում կազմում է հիմնականում երկու տարի:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին դիտվում է թվաքանակի կտրուկ նվազում:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը` լեռնալանջերը վարելու և շինարարական աշխատանքներ կատարելու, լեռնային անտառները ոչնչացնելու, լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում ընտանի կենդանիներ արածեցնելու հետևանքով: Մեծ վնաս է հասցնում նաև ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Տեսակի արեալի աննշան մասը պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում: Մշակված և փորձարկված են լաբորատոր պայմաններում իժերի պահման և բազմացման մեթոդները: Անհրաժեշտ է կազմակերպել մի շարք արգելավայրեր Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում և սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:

 
© Լ. Աղասյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դարեվսկի, 1957, 1975; Բաննիկով և ուր., 1977; ԽՍՀՄ Կարմիր գիրք, 1984; Աղասյան, 1985, 1987, 1989, 1996, 2001, 2003, 2009; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1987; Անանեվ և ուր., 2004; Էտլինգ, 2004-2010; Տունիեվ և ուր., 2009

Կազմող` Լ. Աղասյան