ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ
  Հայկական որոր

Ընտանիք՝ Որորներ

Կարգավիճակը: Բնութագրվում է սահմանափակ արեալով և հեշտ խոցելի բնադրավայրային բիոտոպերով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Հայաստան, Արևելյան Թուրքիա, Արևմտյան Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Ամբողջ տարվա ընթացքում հանդիպում է Սևանա լճի ավազանում, գտնվում է հիմնական գաղութը: Բնադրում է նաև Արփի լճի կղզիներում: Հանդիպում է գգ. Արաքսի, Հրազդանի և Ախուրյանի հունի երկայնքով: Վերջին տարիներին` հանդիպում է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսություններում:

Ապրելավայրերը: Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրել է ջրաեզրին մոտ: Լճի մակարդակի իջեցումից հետո բնադրում են գ. Նորաշենի մոտակայքում առաջացած երկու կղզյակներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Դիտվում է Արփա լճում բնադրող զույգերի թվաքանակի մեծացման միտում: Մայիսի վերջին–հունիսի սկզբին հանդիպում են, ինչպես ձվերով բներ, այնպես էլ կղզյակների մոտ լողացող ձագեր: Սովորաբար, դնում են 3, հազվադեպ` 2 կամ 4 ձու: Առավել բարենպաստ տարիներին հաշվառվում է մինչև 500 բույն: Կախված վտանգման գործոնների առկայությունից` պահպանվում են ձագերի 17–56%–ը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը խիստ անկայուն է և որոշվում է բնադրման և կերային առկա պայմաններով: Միջինացված տվյալների համաձայն` գարնանն այս տեղ հանդիպում է 800, ամռանը` 700, աշնանը` 1000, ձմռանը` 500 առանձնյակ: Սևանա լճի սառեցման դեպքում որորների հիմնական մասը չվում է գ. Արաքսի հովիտ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի ոչնչացումը: Մարդու կողմից պատճառվող անհանգստությունը և որորների ուղղակի ոչնչացումը: Բնադրման պայմանների և կերային բազայի վատթարացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Նորաշենի կղզյակները ներգրավվել են արգելոցային գոտում: Անհրաժեշտ է ապահովել որորների պահպանությունը ինչպես լճում, այնպես էլ աղբանոցների մոտ: Մշտապես անցկացնել բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում:

 
© ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոն

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Դալ, 1950; Դեմենտեվ, Գլադկով, 1951; Այրումյան, 1974; Այրումյան և ուր., 1974; Այրումյան, Մարգարյան, 1975; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1987

Կազմող` Ս. Ամիրյան