ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ
  Հայկական գիշերաչղջիկ

Ընտանիք՝ Հարթաքթայիններ

Կարգավիճակը: Առաջին անգամ տեսակը նկարագրվել է Սևանա լճի հյուսիսարևմտյան ափի տարածքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered D» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+D:

Տարածվածությունը: Առաջին անգամ հայտնաբերվել է 2000–2001 թթ–ին Սևանա լճի ափին (Գեղարքունիքի մարզ)` Արտանիշի տեղամասի անձավներում և Ծափաթաղք գյուղի մոտակայքում:

Տարածվածությունը Հայաստանում: Սևանի լեռնաշղթայի հարավարևելյան լանջին բռնվել և գրանցվել են դետեկտորի օգնությամբ (Pettersson–200), 11 կմ երկարությամբ տարածքում:

Ապրելավայրերը: Բնորոշ բիոտոպերն են կրա–խճաքարային լանջերն անձավների և ճեղքերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ուսումնասիրված չէ: Հայտնի է, որ բնակվում են ծ.մ. 2000–2300 մ բարձրություններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է: Արեալի նման սահմանափակությունը դիտվում է առաջին անգամ:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը «Սևան» ազգային պարկի սահմաններում գտնվող ապրելավայրերի նկատմամբ: Անհրաժեշտ է հայկական գիշերաչղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 
© Ա. Չանչանյան

© Web design by Margarita Bazukyan

Տեղեկատվության աղբյուրները

Յավրույան և ուր., 2002, 2003

Կազմող` է. Յավրույան