ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ

 

Հարգելի՜ հայրենակիցներ

 

Մեր երկրի ապագան և բնակչության բարեկեցությունը ուղղակիորեն կապված են նրա բնական հարստու­թյուններից, մեր բնաշխարհի գրավչությունից: Սակայն բնակչության աճի, տնտեսության, շինարարության տեմպերի բուռն զարգացումը լրջորեն ազդում են շրջակա միջավայրի վիճակի, բնական էկոհամակարգերի և դրանց տարրերի` բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների վրա:

Չնայած համաշխարհային մասշտաբով և երկրների մակարդակով զգալի ջանքեր են գործադրվում կենսաբազմազանության պահպանության համար, սակայն դեռևս ամբողջ աշխարհում արձանագրվում է բուսական և կենդանական աշխարհի տեսակային կազմի կրճատում, ինչը ավելի արդիական է դարձրել կենսաբազ­մազանության պահպանության խնդիրը: Յուրաքանչյուր պետություն պատասխանատվություն է կրում իր կենսաբազմա­զանության պահպանության և իր կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործման համար:

Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակը, որտեղ ընդգրկված են հազվագյուտ և անհետացող բույսերի և կենդանիների տեսակները, նպաստում է ամբողջ արեալի սահմաններում կենդա­նիների և բույսերի պահպանման միջպետական համագործակցությանը:

 

Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի Կարմիր գիրքը, որի հրատարակությունը կարևոր իրադարձություն է ոչ միայն բնապահպանության ոլորտում, այլև մեր հանրապետության սոցիալ–տնտեսական և գիտական կյանքում: Կարմիր գրքի ստեղծումը ևս մեկ քայլ է մեր տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում:

Կենսաբազմազանության պահպանության ոլորտում տեղեկատվության և գիտելիքների պակասը խոչընդոտում է բնապահպանական խնդիրների ընդհանուր ըմբռնմանը: Այդ առումով Կարմիր գիրքը կնպաստի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների տեսակների պահպանությանն ուղղված միջոցառումների պլանավորման և արդյունավետ իրականացման համար:

Կարմիր գրքի երկրորդ հրատարակության պատրաստումը տարբեր գիտահետազոտական և կրթական հաստատությունների մեծ թվով գիտնա-կանների երկարատև աշխատանքի արդյունքն է, որի շնորհիվ յուրաքանչյուր անձ կարող է համապատասխան տեղեկություններ ստանալ կենդանիների ու բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների վերաբերյալ և իր ներդրումն ունենալ կենսաբազմազանության պահպանության գործում:

Մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա վարքի նորմ, իսկ այդ հարստության պահպանումը` գիտակցված անհրաժեշտություն, ինչը ամուր նախադրյալներ կսեղծի ապագա սերունդներին անխաթար բնաշխարհ փոխանցելու համար:

   

Արամ Հարությունյան
ՀՀ բնապահպանության նախարար

     
         Ն Ա Խ Ա Բ Ա Ն
 
 

Հայաստանը իր յուրահատուկ ֆաունայով հանդիսանում է Կովկասի ամենահետաքրքիր տարածքներից մեկը: Լինելով լեռնային երկիր և ունենալով լանդշաֆտների ցայտուն արտահայտված բարձունքային գոտիակա­նություն՝ Հայաստանը բնորոշվում է իր ֆաունայի տեսակների բազմազանությամբ և էնդեմիզմով: Հայաս­տանը տնտեսապես արժեքավոր մի շարք բույսերի և կենդանիների ծագման կարևորագույն կենտրոններից մեկն է: Սակայն վերջին տարիների ընթացքում էկոհա­մակարգերի և լանդշաֆտների վրա մարդածին ազդեցության ուժեղացումը, կենսաբանական ռեսուր­սների գերօգտագործումը բերել են որոշ կենդանատեսակների ապրելավայրերի էական փոփո­խությանը և նույնիսկ դեգրադացմանը, որի արդյունքում մի շարք տեսակներ կանգնած են անհետացման եզրին: Միևնույն ժամանակ հանրապետության ֆաունայի շատ տեսակներ ապրում են այստեղ իրենց արեալի եզրերում կամ առաջացնում են առանձին, ընդհանուր արեալից մեկուսացված պոպուլյացիաներ, որոնք ավելի կարևոր են դարձնում այդ տեսակների ուսումնասիրության և պահպանության հարցը:

Վերջին տարիներին կատարված անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը բացահայտեց Հայաստանում շուրջ 316 էնդեմիկ և 300–ից ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակների առկայությունը: Այդ կենդանիներից են ծղրիդները, մորեխները, բզեզները, երկրաթևանիները, փափկամարմինները և այլ տեսակներ:

Հայաստանի բնաշխարհին բնորոշ բարձունքային գոտիականությունը իր կնիքն է դրել նաև ողնաշարավորների տարածվածության և տեսակային բազմազանության վրա: Հանրապետությունում հանդի­պող 53 տեսակի սողուններից շատերը հանդիսանում են հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ և կանգնած են անհետացման ճանապարհին: Այդ տեսակներից են` փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, հանրա­պետության հյուսիսային շրջաններում տարածված կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը, սևագլուխ ռինխոկալամուսը, Դարևսկու իժը:

Հանրապետության թռչնաշխարհի կազմում թեպետ բացակայում են էնդեմիկ տեսակներ, սակայն մի քանի տասնյակ կիսաանապատային ու ալպյան ձևեր գնահատվել են որպես կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի թռչնատեսակներ: Հայաստանի ռելիկտային տեսակներին են պատկանում տուրպանը և թավշաոտ բուն:

Կաթնասունների տեսակներից վեցը, իսկ ձկներից` 4–ը հանդիսանում են էնդեմիկներ: Առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը և այլն:

Կենսաբազմազանության սպառնացող վտանգներին դիմակայելուն, առավելապես վտանգի ենթարկված անհետացող և հազվագյուտ կենդանատեսակների պահպանությանը աջակցելուն է ծառայում ներկայացվող ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը:

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի՝ ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսա­բանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանության միջոցառումների մասին: Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող տեսակների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով:

Կարմիր գրքում գրանցման համար հիմք են հանդիսանում տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները:

ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա` ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կառույցների մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ ներկայացվող Կարմիր գրքում ներառվել են նաև անողնաշար կենդանիներ, որոնք ընդգրկված չեն եղել նախկին Կարմիր գրքում: Բոլոր տեսակների վիճակի գնահատումը և դրանց կատեգորիաների որոշումը կատարվել է միջազգայնորեն ընդունված չափորոշիչների հիման վրա` Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ (IUCN, 2007–2009, տարբերակ 3.1): Տեսակները գնահատելիս, հաշվի են առնվել ծավալուն նյութեր, որոնք կուտակվել են ՀՀ Կարմիր գրքի առաջին հրատարակության լույս տեսնելուց հետո` 20 տարվա ընթացքում:

Համաձայն ՀՀ Կարմիր գրքի վարման կարգի՝ ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը քննարկվել է ՀՀ Կարմիր գրքի վարման հանձնաժողովի նիստում, որը տվել է իր դրական եզրակացությունը: ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 71–Ն որոշմամբ:

Սույն Կարմիր գրքում ներառված կենդանիների տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաները`

  1. Անհետացած տեսակ (EX): Տաքսոնը համարվում է անհետացած, եթե չկա որևէ կասկած, որ դրա վերջին առանձնյակը վերացել է: Տաքսոնը գնահատվում է

 

անհետացած, եթե հայտնի և/կամ ենթադրվող բնակմիջավայրի ողջ պատմական արեալում տարբեր ժամանակահատվածների ընթացքում (սեզո­նային, տարեկան, օրական) հետևողական ուսումնա­սիրության արդյունքում ոչ մի առանձնյակ չի հայտնաբերվել;

  1. Տարածաշրջանում անհետացած տեսակ (RE): Տաքսոնը համարվում է տարածաշրջանում անհետացած, եթե չկա որևէ կասկած, որ դրա վերջին առանձնյակը այդ տարածքից վերացել է: Այն դեպքում, երբ տաքսոնը նախկինում պարբերաբար ներթափանցում էր տարածաշրջան, այն նույնպես համարվում է անհետացած, եթե տարածաշրջանի վայրի բնությունից վերացել է դրա վերջին առանձնյակը:

  2. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR): Տաքսոնը համարվում է կրիտիկական վիճակում գտնվող, երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Կրիտիկական վիճակում գտնվող» կատեգորիայի որևէ չափանիշով (A–E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման չափազանց բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

  3. Վտանգված տեսակ (EN): Տաքսոնը համարվում է վտանգված տեսակ, երբ ամենամեծ հավանակա­նությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Վտանգված տեսակ» կատեգորիայի որևէ չափանիշով (A–E) և, հետևաբար, դիտվում է որ պես անհետացման շատ բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

  4. Խոցելի տեսակ (VU): Տաքսոնը համարվում է խոցելի տեսակ, երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Խոցելի տեսակ» կատեգորիայի որևէ չափանիշով (A–E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

  5. Տվյալների անբավարարություն (DD): Տաքսոնը պատկանում է «Տվյալների անբավարարություն» կատեգորիային, երբ առկա տեղեկությունները դրա թվաքանակի և/կամ արեալի մասին անհամա­պատասխան են անհետացման ռիսկի ուղղակի կամ անուղղակի գնահատման համար: Այդ կատեգորիայի տաքսոնը կարող է լինել լավ ուսումնասիրված, իսկ կենսաբանությունը` լավ հայտնի, սակայն դրա առատության և/կամ տարածման վերաբերյալ համապատասխան տվյալները գնահատման համար լինեն անբավարար: «Տվյալների անբավարարություն» կատեգորիան չի հանդիսանում անհետացման սպառնալիքի կատեգորիա: Տաքսոնի ընդգրկումը այդ կատեգորիայում ցույց է տալիս, որ պահանջվում են ավելի շատ տեղեկություններ, և ընդունվում է, որ ապագա ուսումնասիրությունները կարող են հնարավոր դարձնել նրա պատկանելիությունը անհետացման սպառնալիքի որևէ կատեգորիայում ընդգրկելու համար:

Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված տեսակների վերագնահատման ժամանակ հաշվի են առնվել հետևյալ ցուցանիշները. տարածվածությունը Հայաստանում (յուրաքանչյուր տեսակի համար ստեղծվել է տվյալների բազա) և ամբողջ աշխարհում, կարգաբանական փոփոխությունները, անհետացման իրական վտանգի աստիճանը և այլն:

Գրքում ընդգրկված են 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնք պատկանում են ոսկրային ձկների (Osteichthyes – 7 տեսակ), երկկենցաղների (Amphibia – 2 տեսակ), սողունների (Reptilia – 19 տեսակ), թռչունների (Aves– 96 տեսակ) և կաթնասունների (Mammalia – 29 տեսակ):

Ներկա հրատարակության մեջ առաջին անգամ ընդգրկվել են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում` 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ:

Յուրաքանչյուր տեսակի համար տրված է լատիներեն, հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումը: Տրվում է տեսակի գնահատականը և գնահատման համառոտ բացատրությունը, տեսակի կարճ նկարագրությունը, տարածվածությունը (թվարկվում են տարածման վայրերը), կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունները, վտանգման հիմնական գործոնները, պահպանության ձեռնարկված և անհրաժեշտ միջոցառումները: Հաշվի են առնվել ժամանակակից դասակարգման փոփոխությունները:

Յուրաքանչյուր տեսակի համար ակնարկները ներկայացված են տեսակի պատկերով (սեռահասուն առանձնյակի) և տարածման կետային կամ հատվածային քարտեզով:

Կարմիր գրքի նոր հրատարակությունը հանդիսանում է կարևոր պաշտոնական փաստաթուղթ և ուղեցույց Հայաստանի յուրահատուկ ֆաունայի արդյունավետ պահպանության համար, որի նպատակով անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ աշխատանքներ իրավական բազայի կատարելագործման, Կարմիր գրքում ընդգրկված տեսակների պոպուլյացիաների մոնիթորինգի ապահովման, այդ պոպուլյացիաների նկատմամբ սպառնալիքների վաղ հայտնաբերման, ինչպես նաև գենոֆոնդի պահպանության տարածաշրջանային ռազմավարության մշակման ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է իր խորին շնորհակալությունը ՀՀ կենդանիների Կարմիր գրքի հեղինակներին, բոլոր մասնագետներին, գիտնականներին, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ներդրել են իրենց ջանքերն ու գիտելիքները Կարմիր գրքի պատրաստման ընթացքում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնին՝ ՀՀ Կարմիր գրքի համար թռչունների հոդվածները կազմելու և նկարները տրամադրելու համար, Բնության պահպանության միջազգային միությանը (IUCN), Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղին, ՄԱԿ–ի Զարգացման ծրագրին (UNDP), Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերությանը (GTZ) Կարմիր գրքի նախապատրաստման և հրատարակման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

 

       
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

29 հունվարի 2010 թվականի N 71–Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5–րդ հոդվածի «է» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը՝ համաձայն հավելվածի։

  2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների ցանկին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի ներկայացման ժամանակացույցը։

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ                                                                                                                        Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 5
              Երևան

     

© Web design by Margarita Bazukyan