ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ
  Ծովակաղամբ հայկական

 

CR B 1 ab(iii) + 2ab(iii)

Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Հայաստանում հայտնի են երկու լոկալիտետներ, և Նախիջևանում՝ մեկ: Տարածման բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ–ից պակաս է: Արեալը խիստ մասնատված է: Տեսակին սպառնում է անհետացում տնտեսական գործունեության հետևանքով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Բացակայում է CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն: Բազմամյա բոլորովին մերկ բույս՝ մինչև 60 սմ բարձրության: Ցողունները՝ բարակ, ճյուղավորված: Արմատամերձ տերևները՝ հակաձվաձև, ատամնաեզր, կարճ կոթուններով: Պսակաթերթերը՝ սպիտակ, 3,5–4 մմ երկարության: Պատիճակները չբացվող, երկանդամ. ստորինը՝ առանց սերմի, կարճ ծաղկակոթի նման, վերինը՝ մեկ սերմով, խոշոր, գնդաձև կամ ձվաձև:

Տարածում: Հայաստանում հանդիպում է Շիրակի (Արեգ գյուղի շրջակայք) և Երևանի (Գոռավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO՝ 8 քառ. կմ: Լոկալիտետները՝ 2, միմյանցից հեռացած են 95 կմ: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 800–1200 մ բարձրությունների վրա, կավոտ լանջերին, կիսաանապատներում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս–հուլիսին:

Սահմանափակող գործոններ: Տարածման սահմանա­փակություն, տնտեսական գործունեություն՝ տարածքների յուրացում գյուղատնտեսական նպատակով:

Պահպանության միջոցառումներ: Աճելավայրերից մեկը պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում, որն ընդգրկված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմաններում: Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը ճշտելու և նոր աճելավայրեր հայտնաբերելու համար, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 
© ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հերբարիում

© Web design by Margarita Bazukyan

Սկզբնաղբյուրներ

Ավետիսյան Վ.Ե.

Կազմող` Ն. Խանջյան