ՀԱՎԱՄՐԳԱԶԳԻՆԵՐ
  Մրտավարդ կովկասյան

 

EN B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Ներկայումս հանրապետությունում ստույգ հայտնի են ընդամենը երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ–ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 30 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով՝ հազվագյուտ տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Ոչ բարձր մշտադալար թուփ՝ 50–60 սմ բարձրության: Տերևները՝ կաշվենման: Ծաղիկները՝ խոշոր, սպիտակ կամ թեթևակի կրեմագույն, ավելի քան 5 սմ տրամագծով, հովանոցանման ողկույզներում:

Տարածում: Հայաստանում հանդիպում է Լոռու (Բազումի լեռնաշղթա) և Իջևանի (Փամբակի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում: AOO 24 քառ. կմ է: Լոկալիտետները՝ 2: Հայաստանից բացի, աճում է Մեծ Կովկասում, Դաղստանում, Անդրկովկասում, Հյուսիսարևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ենթալպյան գոտու ծ. մ. 2000–2400 մ բարձրությունների վրա, մարգագետիններում՝ առաջացնելով, այսպես կոչված՝ ռոդորետներ: Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիս–սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, խոտհունձ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ: Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Կովկասյան մրտավարդի» պետական արգելավայրում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 
© Կամիլլա Թամանյան

© Web design by Margarita Bazukyan

Սկզբնաղբյուրներ

Մուլկիջանյան Յ.Ի., 1973; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1989

Կազմող` Գ.Մ. Ֆայվուշ