ՋՐԱԵՐԵՔՆՈՒԿԱԶԳԻՆԵՐ
  Ջրաերեքնուկ եռատերև

 

VU* B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կատեգորիա: Խոցելի տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ–ից պակաս: Հաշվի առնելով տեսակի ընդհանուր արեալի լայն տարածումը՝ կատեգորիան իջեցված է մեկ միավորով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2՝ հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Բազմամյա սողացող կոճղարմատով ջրային բույս է: Ցողունը՝ 30–60 սմ երկարության: Տերևները՝ հերթադիր, մինչև 30 սմ երկարության կոթերով; տերևիկները՝ 3, հակաձվաձև կամ էլիպսաձև, 5–8 սմ երկարության: Ծաղիկները՝ 10–20, խիտ գագաթնային ողկույզներում: Բաժակը՝ հնգաբաժան: Պսակը՝ ձագարաձև, թեթևակի մսալի, 5 բլթակներով; բլթակները՝ ներսից խիտ ծոպավոր, սպիտակ կամ թույլ վարդագույն, ծաղկումից հետո թափվող: Պտուղը՝ միաբույն, երկփեղկ տուփիկ: Սերմերը՝ խոշոր, սեղմված:

Տարածում: Հանդիպում է Սևանի (Գիլի լիճ), Դարեղեգիսի (Չիմոյի և Փիրոսի լճեր), Զանգեզուրի (Վերդոյի լիճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO՝ 1540 քառ. կմ, AOO՝ 16 քառ. կմ, լոկալիտետները՝ 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է համարյա ամբողջ Կովկասը, բարեխառն Եվրասիան, Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1700–2000 մ բարձրությունների վրա, լճերում, կանգնած, ճահճացող ջրերում: Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին–սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ կապված կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ, ex–situ պահպանություն, ներդնել ջրավազանների կանաչապատման համար:

 
© Հասմիկ Տեր–Ոսկանյան

© Web design by Margarita Bazukyan

Սկզբնաղբյուրներր

Ավետիսյան Վ.Ե., 1980; Բարսեգյան Ա.Մ., 1981; Հայաստանի ԽՍՀ Կարմիր գիրք, 1989

Կազմող` Ն. Խանջյան