ՇՔԱՆԱՐԳԻԶԱԶԳԻՆԵՐ
  Շտերնբերգիա Ֆիշերի

CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Առկա է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ– ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով՝ անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES–ի կոնվենցիայի 2–րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Բազմամյա սոխուկավոր բույս է՝ 10–15 սմ բարձրության: Սոխուկները՝ կլոր, 2,5–3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները՝ գոտիանման, տափակ, փայլուն, մուգ կանաչ, բութ գագաթով, հիմքում՝ հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարության: Ծաղիկները՝ վառ–դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարության կոթունով: Տուփիկը 10–15 մմ տրամագծով, երկարավուն– էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով:

Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը՝ 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Հարավային և Հարավարևմտյան Անատոլիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, Միջին Ասիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600–800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար–մարտ ամիսներին, պտղաբերում՝ մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ կապված գյուղատնտեսական հանդակների ընդլայնման և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողու­թյուններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել հետազոտական աշխատանքներ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 
© Գեորգի Ֆայվուշ

© Web design by Margarita Bazukyan

Սկզբնաղբյուրներ

Գաբրիելյան Է.Ց., Գրիգորյան Ա.Ա., 1984; Գաբրիելյան Է.Ց., 2001; Արտյուշենկո Զ.Տ., Մորդակ Ե.Վ., 2006

Կազմող` Կ.Գ. Թամանյան