ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ

 

Հարգելի՜ հայրենակիցներ

 

Հայաստանը Կովկասի եզակի անկյուններից մեկն է: Մեր երկրի գրավչությունը և նրա բնակչության բարեկ եցությունը ուղղակիորեն կապված են նրա բնական հարստություններից, մեր բնության շքեղությունից: Սակայն բնակչության աճի, տնտեսության և շինարարության տեմպերի բուռն զարգացումը լրջորեն ազդում են շրջակա միջավայրի վիճակի, բնական էկոհամակարգերի և դրանց տարրերի` բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների վրա:

Ինչպես նշվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին նվիրված համաշխարհային համաժողովում, յուրաքանչյուր պետության պարտականությունն է պահպանել կենսաբազմազանությունը և աջակցել երկրի կայուն զարգացմանը:

Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը, որի հրատարակությունը կարևոր իրադարձություն է ոչ միայն բնապահպանության ոլորտում, այլ նաև մեր

 

 հանրապետության սոցիալ–տնտեսական և գիտական կյանքում: «Կարմիր գրքի» ստեղծումը ևս մեկ քայլ է մեր տարածաշրջանի կենսաբազմազանության պահպա­նության և վերականգնման գործում:

«Կարմիր գրքի» երկրորդ հրատարակության պատրաստումը գիտնականների, մասնագետների և հետազոտողների երկարատև, քրտնաջան աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ յուրաքանչյուր անձ կարող է ծանոթանալ կենդանիների ու բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների հետ և իր ներդրումն ունենալ կենսաբազ­մազանության պահպանության գործում:

Առավելագույնս օգտագործելով մեր բնության ներուժը ՝ մենք պետք է սովորենք հոգատար վերաբերվել նրան և պահպանել մեր հարուստ տեսակային բազմազանությունը:

Ցանկալի է, որ մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը դառնա վարքի նորմ, իսկ այդ հարստության պահպանումը` գիտակցված անհրաժեշտություն: Միայն այդպես` բոլորս միասին, կարող ենք փոխանցել ապագա սերունդներին մեր բնությունը:

   

Արամ Հարությունյան
ՀՀ բնապահպանության նախարար

     
         Ն Ա Խ Ա Բ Ա Ն
 
 

Բուսական աշխարհի պահպանության հիմնախնդիրն ունի կարևորագույն կենսական նշանակություն ամբողջ մարդկության համար: Օգտվելով բնական պաշարներից, որոնք հանդիսանում են ազգաբնակչության բարեկեցությունն ապահովող հիմնական աղբյուրը, մարդը բացասական ազդեցություն է թողնում դարերի ընթացքում ձևավորված բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա: Արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացումը, բնական տարած­քների մեծամասշտաբ յուրացումը, կլիմայի փոփոխությունը բերում են էկոհամակարգերի ամբողջա­կանության և հավասարակշռության խախտմանը, որի արդյունքում տեղի է ունենում բուսական ծածկույթի դեգրադացիա և շատ բուսական ու կենդանական տեսակների քանակի կրճատում: Հանդիսանալով ցանկա­ցած կենսահամակեցության հիմքը՝ բույսերը բնության մեջ խաղում են առաջատար դեր: Հենց բույսերն են ապահովում թթվածնով և սննդով շատ կենդանի օրգանիզմներին, այդ թվում՝ մարդկանց:

Հայաստանը կազմում է հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսարևելյան մասը և ամբողջությամբ գտնվում է ծովի մակերևույթից 375–090 մ բարձրության վրա: Հանրապետության միջին հիպսո­մետրիկ բարձրությունը 1830 մ է: Բարդ երկրաբանական կառուցվածքը, նախկինում հզոր հրաբխայնությունը և սեյսմակայունությունը, ծալքավորումները, բարձունքա­յին կտրուկ տարբերությունները, խոշոր ծովային ավազաններից հեռու գտնվելը նպաստել են կլիմայի և ռելիեֆի խիստ բազմազանությանը:

Այս բոլոր գործոնների զուգակցությամբ էլ պայմանավորված է Հայաստանի ֆլորիստիկ հարստու­թյունը, նրա ինքնատիպությունը և հագեցվածությունը` շուրջ 3600 բուսատեսակ և 1200 տեսակ մակրոսկոպիկ սնկեր: Դրանց կազմում հայտնաբերվել են 123 էնդեմիկ տեսակներ, որոնց պահպանության համար անհրաժեշտ է կիրառել արդյունավետ միջոցներ: Մեր երկրի 30000 կմ2–ից փոքր տարածքի վրա ներկայացված են Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը և տարածաշրջանի բոլոր հիմնական բուսական համակեցությունները` բացառու­թյամբ խոնավ մերձարևադարձային բուսականության:

Չնայած դրան, որ Կարմիր գրքի նոր հրատարակության տվյալներով հազվագյուտ տեսակների մոտ 50% աճում է պահպանվող տարածքներում և դրանց վիճակը համեմատաբար բարվոք է, սակայն մյուս վտանգված տեսակները նույնպես խիստ պահպանության կարիք ունեն:

Հայաստանի անկախության տարիներին շրջակա միջավայրի պահպանությունը նոր զարկ է ստացել` ընդունվել են նոր ՀՀ օրենքներ («Բուսական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «ՀՀ անտառային օրենսգիրք», «ՀՀ անտառի ազգային ծրագիր» և այլն) և բազմաթիվ նորմատիվ փաստաթղթեր, որոնք աջակցում են բուսական աշխարհի պահպանությանը` նրա ամբողջ բազմազանությամբ: Այդ նպատակին է ծառայում նաև ներկայացվող ՀՀ բույսերի Կարմիր գիրքը:

Համաձայն «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 14–դ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների կարգավիճակի, աշխարհա­գրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին: Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացող տեսակների հաշվառման, պահպանության, վերարտա­դրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով:

Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները:

Մինչ օրս ՀՀ–ում գործում է դեռևս 1990 թ–ն հրատարակված «Հայկական ՍՍՀ Կարմիր գիրք»–, որտեղ ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացող անոթավոր բույսեր, որոնց ճակատագիրը մնում է մասնագետների ուշադրության կենտրոնում: Սակայն վերջին տասնամյակներին Հայաստանի էկոհամա­կարգերը և կենսաբազմազանությունը ենթարկվել են մարդածին ինտենսիվ ներգործության (անտառների հատում, ջրային և կենսաբանական ռեսուրսների գերօգտագործում, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացում, հողերի սեփականաշնորհում և այլն), որի հետևանքով դեգրադացվել են բնական էկոհամակա­րգերը, տեղի է ունեցել առանձին տեսակների բնական միջավայրի կորուստ, կրճատվել են դրանց արեալները, փոփոխվել է պոպուլյացիաների քանակական և որակական կազմը: Դա հատկապես վերաբերում է Հայաստանի հարուստ կենսաբազմազանությամբ օժտված լեռնային շրջաններին, որտեղ էկոհամակա­րգերում բոլոր գործընթացներն ընթանում են ավելի բուռն, քան հարթավայրերում: Մյուս կողմից՝ առաջին հրատարակությունից հետո անցած տարիների ընթացքում հանրապետության ֆլորայի շարունակական ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտել Հայաստանի տարածքում աճող բազմաթիվ նոր տեսակներ: Միայն վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից նկարագրվել են գիտության համար 20–ց ավելի նոր տեսակներ, որոնք կարիք ունեն գնահատման և, ամենայն հավանականությամբ, նաև պահպանության:

ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ ներկայացվող Կարմիր գրքում ներառվել են նաև մակրոսկոպիկ սնկեր, որոնք ընդգրկված չեն եղել նախկին «Կարմիր գրքում»: Բոլոր տեսակների վիճակի գնահատումը և դրանց կատեգորիաների որոշումը կատարվել է միջազգայնորեն ընդունված չափորոշիչների հիման վրա` Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ (IUCN, 2001, տարբերակ 3.1): Տեսակները գնահատելիս, հաշվի են առնվել ծավալուն նոր նյութեր, որոնք կուտակվել են Կարմիր գրքի առաջին հրատարակության լույս տեսնելուց հետո` 20 տարվա ընթացքում:

Համաձայն ՀՀ բույսերի Կարմիր գրքի վարման կարգի՝ ՀՀ բույսերի Կարմիր գիրքը քննարկվել է ՀՀ Կարմիր գրքի վարման հանձնաժողովի նիստում, որը տվել է իր դրական եզրակացությունը: ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ և ներառում է 452 տեսակի բույսերի և 40 տեսակի սնկերի նկարագրություն: Բացի դրանից Կարմիր գրքի երկրորդ բաժնում (մաս Բ) ներկայացվում է տեղեկատվություն ևս 223 բուսատեսակների մասին, որոնց վիճակը մտահոգիչ է:

Սույն Կարմիր գրքում ներառված 675 բույսերի տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաներ`

  1. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR–41 տեսակ): Տաքսոնը համարվում է «Կրիտիկական վիճակում գտնվող», երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Կրիտիկական վիճակում գտնվող» կատեգորիայի որևէ չափանիշով (A–E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման չափազանց բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

  2. Վտանգված տեսակ (EN–48 տեսակ): Տաքսոնը համարվում է «Վտանգված տեսակ», երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Վտանգված տեսակ» կատեգորիայի որևէ չափանիշով (A–E) և, հետևաμր, դիտվում է որպես անհետացման շատ բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

  3. Խոցելի տեսակ (VU–3 տեսակ): Տաքսոնը համարվում է «Խոցելի տեսակ», երբ ամենամեծ

 

հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Խոցելի տեսակ» կատեգորիայի որևէ չափանիշով (A–E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

  1. Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ(NT–1 տեսակ): Տաքսոնը հանդիսանում է «Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ», երբ այն գնահատված է չափանիշներով, բայց չի գնահատված որպես «Կրիտիկական վիճակում գտնվող», «Վտանգված տեսակ» կամ «խոցելի տեսակ», սակայն մոտ է դրանց և ունի հավանականություն պատկանելու սպառնալիքի որևէ կատեգորիային մոտ ապագայում: Այդ տեսակները տրվում են գրքի առանձին հատվածում` սպառնալիքի աստիճանի հակիրճ նկարագրությամբ:

  2. Տվյալների անբավարարություն (DD–6 տեսակ): Տաքսոնը պատկանում է «Տվյալների անբավարարություն» կատեգորիային, երբ առկա տեղեկությունները դրա թվաքանակի և/կամ արեալի վիճակի մասին համապա­տասխան չեն անհետացման ռիսկի ուղղակի կամ անուղղակի գնահատման համար: Այդ կատեգորիայի տաքսոնը կարող է լինել լավ ուսումնասիրված, իսկ կենսաբանությունը` լավ հայտնի, սակայն գնահատման համար համապատասխան տվյալները առատության և/կամ տարածման վերաբերյալ լինեն անբավարար: «Տվյալների անբավարարություն» կատեգորիան չի հանդիսանում անհետացման սպառնալիքի կատեգորիա: Տաքսոնի ընդգրկումը այդ կատեգորիայում ցույց է տալիս, որ պահանջվում են ավելի շատ տեղեկություններ, և ընդունվում է, որ ապագա ուսումնասիրությունները կարող են հնարավոր դարձնել նրա պատկանելիությունը անհետացման սպառնալիքի որևէ կատեգորիայի: Այս կատեգորիայի տեսակները տրվում են առանձին ցուցակով:

  3. Քիչ մտահոգող տեսակ (LC–06 տեսակ): Տաքսոնը հանդիսանում է «Քիչ մտահոգող», երբ այն գնահատված է չափանիշներով և չի գնահատված որպես «Կրիտիկական վիճակում գտնվող», «Վտանգված տեսակ», «Խոցելի տեսակ» կամ «Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող»: Այս կատեգորիային են պատկանում ինչպես լայն տարածված, այնպես էլ մեծ թվաքանակ ունեցող տաքսոնները: Այդ տեսակները տրվում են առանձին ցուցակով:

Առանձին ցուցակներով ներկայացված են նաև բուսա­տեսակների բաշխվածությունն ըստ ֆլորիստիկական շրջանների և հանրապետության մարզերի:

Ներկա հրատարակության մեջ ընդունված է ընտանիքների, ինչպես նաև ցեղերի և նրանցում տեսակների դասակարգման այբբենական կարգը: Ընդունվել են ժամանակակից դասակարգման փոփոխություններ: Յուրաքանչյուր տեսակի համար տրված է լատիներեն, հայերեն և ռուսերեն անվանումը: Տրվում է տեսակի գնահատականը և գնահատման համառոտ բացատրությունը, տեսակի կարճ նկարագրությունը, տարածումը (թվարկվում են տարածման վայրերը), կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոտիկ առանձնահատկությունները, սահմանափակող գործոնները, պահպանության միջոցառումները (նկարագրվում են պահպանության ձեռնարկված և անհրաժեշտ միջոցա­ռումները): Սխեմատիկ քարտեզների վրա կետերով նշված են աճելավայրերը` կարմիր եռանկյունով նշված են մինչև 1950 թ. կատարված հավաքները, կապույտով մինչև 1980 թ., կանաչով` 1980 թ. հետո:

Օգտագործված մի քանի տերմիններ կարիք ունեն բացատրության:

Տարածման շրջան` EOO (չափանիշներ՝ A և B): Տարածման շրջանը որոշվում է որպես տարածություն այն ամենակարճ անընդհատ և երևակայական սահմանի ներսում, որն ընդգրկում է տաքսոնի բոլոր հայտնի, ենթադրվող կամ կանխատեսվող աճելավայրերը՝ բացառելով դրա պատա­հական հանդիպումները: Տարածման շրջանը կարող է չընդգրկել տաքսոնի ամբողջ արեալի ներսում գոյություն ունեցող ընդհատումները կամ դիզյունկցիաները, օրինակ՝ տաքսոնի համար անհամապատասխան բնակության միջավայրի խոշոր տեղամասերը: Տարածման շրջանը գնահատվել է նվազագույն ուռուցիկ բազմանկյունու մեթոդով (ամենանվազագույն բազմանկյունին, որի ոչ մի անկյունը չի գերազանցում 180 աստիճանը և որը ընդգրկում է տաքսոնի բոլոր աճելավայրերը):

Բնակության շրջան` AOO (չափանիշներ՝ A և B): Բնակության շրջանը որոշվում է որպես «տարածման շրջանի ներսում» տաքսոնի կողմից զբաղեցրած տարածություն՝ բացառելով տաքսոնի պատահական հանդիպումները: Այդ հասկացությունը ցույց է տալիս, որ տաքսոնը սովորաբար չի զբաղեցնում իր արեալի սահմաններում գտնվող ամբողջ տարածությունը, որը կարող է ընդգրկել տաքսոնի բնա­կության համար ոչ պիտանի կամ նրա կողմից չզբաղեցրած տեղամասեր: Որոշ դեպքերում բնակության շրջանը ամենափոքր տարածություն է, որն անհրաժեշտ է տաքսոնի կյանքի ցիկլի յուրաքանչյուր փուլի ժամանակ` գոյություն ունեցող պոպուլյացիաների գոյատևման համար:

Լոկալիտետ` (B և D չափանիշներ): «Լոկալիտետ» տերմինը բնութագրում է աշխարհագրական և էկոլոգիական հստակ սահմանափակված շրջան, որտեղ թեկուզ մեկ սպառնալիքը կարող է արագությամբ ազդել տվյալ տաքսոնի բոլոր անհատների վրա: Լոկալիտետի մեծությունը կախված այն շրջանից, որտեղ գործում է սպառնացող վտանգը, կարող է ընդգրկել մեկ կամ բազմաթիվ պոպուլյացիաների որևէ մասը: Այնտեղ, որտեղ տաքսոնը գտնվում է մեկից ավելի սպառնացող վտանգների ազդեցության տակ, լոկալիտետը պետք է որոշվի հաշվի առնելով ամենահավանական և առավել լուրջ գործոնի սպառնալիքը:

Գրքում օգտագործված հապավումներն են. CITES– կոնվենցիա` Վայրի ֆլորայի և ֆաունայի անհետացող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա և Բեռնի կոնվենցիա` Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիա:

Հաշվի առնելով այն, որ սնկերի պահպանությունը զգալիորեն տարբերվում է բույսերի պահպանությունից, «Կարմիր գրքում» ընդգրկվելիք 40 տեսակի սնկերի նկարագրերը ներկայացվել են մակրոսկոպիկ սնկերի համար միջազգայնորեն ընդունված 6 կատեգորիայով` անհետացած (EX), կրիտիկական վիճակում գտնվող (CR), վտանգված (EN), խոցելի (VU), վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող (NT), տվյալներն անբավարար են (DD):

ՀՀ բույսերի Կարմիր գրքի նոր հրատարակությունը գիտնականների, շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազմա­կերպությունների առջև նոր խնդիրներ է դնում` կապված հազվագյուտ տեսակների պահպանության, հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման, վայրի բույսերի նկատմամբ հսկողության ուժեղացման հետ, որը ցանկալի արդյունք կունենա միայն հանրության համընդհանուր մասնակցության պարագայում` դրանով իսկ անվտանգ ու անաղարտ պահելով բնությունը գալիք սերունդների համար:

ՀՀ Կարմիր գիրքը հանդիսանում է կարևոր պաշտոնական փաստաթուղթ և ուղեցույց Հայաստանի յուրահատուկ ֆլորայի արդյունավետ պահպանության համար, որի նպատակով անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ աշխատանքներ իրավական բազայի կատարելագործման, Կարմիր գրքում ընդգրկված տեսակների պոպուլյացիաների մոնիթորինգի ապահովման, այդ պոպուլյացիաների նկատմամբ սպառնա­լիքների վաղ հայտնաբերման, ինչպես նաև գենոֆոնդի պահպանության տարածաշրջանային ռազմավարության մշակման ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է իր խորին շնորհակալությունը ՀՀ բույսերի Կարմիր գրքի հեղինակներին, բոլոր մասնագետներին, գիտնականներին, պետական կառույցների և հասարակական կազմա­կերպությունների ներկայացուցիչներին, որոնք ներդրել են իրենց ջանքերը և գիտելիքները «Կարմիր գրքի» պատրաստման ընթացքում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միությանը (IUCN), Բնության համաշխարհային հիմնադրամին (WWF), ՄԱԿ–ի Զարգացման ծրագրին (UNDP), Գերմանական տեխնիկական համա­գործակցության ընկերությանը (GTZ) Կարմիր գրքի նախապատրաստման և հրատարակման համար ֆինանսա­կան աջակցություն տրամադրելու համար:

       
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

29 հունվարի 2010 թվականի N 72–Ն

 

672 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5–րդ հոդվածի «է» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը»` համաձայն հավելվածի։

  2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում» գրանցված բույսերի ցանկին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի ներկայացման ժամանակացույցը:

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ                                                                                                                         Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 5
            Երևան

     

© Web design by Margarita Bazukyan