ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2015
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ բնապահպանության նախարարության մարզային ստորաբաժանումների, մարզպետարանի Բնապահպանության և գյուղատնտեսության վարչության համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է մարզային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի մի շարք բնապահպանական խնդիրներ: Մարզպետ Սարգիս Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել մարզում առկա քարհանքերի վերաբերյալ, որոնք շահագործումից հետո չեն ենթարկվել ռեկուլտիվացման և շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը: Արամայիս Գրիգորյանը, կիսելով մարզպետի մտահոգությունը, նշել է. «Մեր մոտեցումներն այս ոլորտում հստակ են: Այն ընկերությունները, որոնք ավարտել են հանքի շահագործումը կամ մոտենում են գործունեության ավարտին, պետք է օրենքի պահանջներին համապատասխան կատարեն իրենց պարտավորությունները` ռեկուլտիվացման ենթարկելով սույն տարածքները: Իսկ ինչ վերաբերում է լքված հանքավայրերին, ապա պետք է ասեմ, որ մենք դիմել ենք ՀՀ կառավարությանը, և կառավարության աջակցությամբ առաջիկայում կիրականացվեն լքված հանքերի ռեկուլտիվացման պիլոտային ծրագրեր, այդ թվում նաև ձեր մարզում: Միևնույն ժամանակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ, որպեսզի վերջինս բնապահպանության նախարարությանը և համապատասխան մարզպետարանին տեղեկատվություն տրամադրի այս կամ այն հանքավայրի փակման ծրագրի վերաբերյալ` նախքան հանքավայրի հրաժարման/փակման/ հավաստագիր տրամադրելը»: Արագածոտնի մարզի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը բարձրացրել է Քասախ գետի աղտոտվածության հարցը, որը պայմանավորված է մարզում կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայությամբ և այդ կոյուղաջրերի` Քասախ գետը լցվելով: Արամայիս Գրիգորյանն իր հերթին նշել է, որ գետի աղտոտվածությունն առաջ է բերում ինչպես բնապահպանական, այնպես էլ գյուղատնեսական և առողջապահական լուրջ խնդիրներ, ուստի հարցը գտնվում է համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում տեսչական գործունեությամբ փորձում է նվազեցնել բնությանը հասցվող վնասները` ուժեղացնելով վերահսկողությունը: Նախարարն անդրադարձել է նաև մարզում շինարարական աշխատանքների իրականացման գործընթացում թույլ տրվող խախտումներին` նշելով, որ բազմաթիվ են դեպքերը, երբ շինաշխատանքները սկսվում են առանց համապատասխան փորձաքննական եզրակացությունների, ինչը հակասում է օրենքին: Այցի ավարտին Արամայիս Գրիգորյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և ընդգծել, որ վերը նշված խնդիրները շարունակելու են մնալ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: