ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.12.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ սահմանապահ զորամաս

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N սահմանապահ զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Նախարարի այցի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել խաղաղություն, ուժ և կորով: Նախարարը շեշտել է, որ մեր ժողովրդի այսօրվա խաղաղ, կյանքը և ստեղծագործ աշխատանքն ապահովում են իրենք` սահմանը պաշտպանող զինվորները: Բնապահպանության նախարարը հայտարարել է, որ Հայոց բանակը հաղթանակած բանակ է, մեր պետությունը դեռ գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, բայց առաջիկայում կլինի սպասված խաղաղությունը և Հայաստանն էլ ավելի կհզորանա: Զորամասի շտաբի պետ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նկատել է, որ հայ զինվորն անհողդողդ կանգնած է Հայաստանի Հանրապետության սահմաններին և թույլ չի տա, որ խաթարվի մեր ժողովրդի անդորրը: Զինծառայողներին շնորհավորելու նպատակով զորամաս էր այցելել նաև «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով իր մայրական բարեմաղթանքներն ու շնորհավորանքն է փոխանցել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջել է զորամասի տարածքով, ծանոթացել զինվորների առօրյայի և զորանոցային պայմանների հետ: