ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.10.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Կիպրոսի Հանրապետությունում մասնակցել է «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովին

Նախարարի տեղակալը ելույթ է ունեցել Կրթություն հանուն կայուն զարգացման նոր ընդունված ռազմավարության ներկայացմանը և հաստատմանը նվիրված նստաշրջանում:
Նախքան ելույթը, նախարարի  տեղակալը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Կառավարությանը համաժողովը կազմակերպելու և Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովին՝ (UNECE)՝ համաեվրոպական տնտեսական ինտեգրմանը նպաստելու և համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին դիմակայելուն ուղղված քայլերի համար։
 «Մարդկային գործոնի օրեցօր աճող ազդեցությունը, ռեսուրսների սպառման ծավալների աճն ու արդյունաբերության արագ զարգացումը այսօր առկա դեգրադացիայի հիմնական գործոններն են: Շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքը և բնական ռեսուրսների անխնա օգտագործման վերաբերյալ մակերեսային ընկալումը հետևանք են էկոլոգիական գիտելիքների և մշակույթի ցածր մակարդակի կամ բացակայության։
Մենք գիտակցում ենք, որ կայուն զարգացման ռազմավարությունները, ծրագրերը և գործողությունները կյանքի կոչվելու ավելի մեծ հնարավորություն ունեն, երբ դրանք իրենց աջակցությունն են ստանում իրավագիտակից և տեղեկացված հասարակության կողմից: Այս առումով կարևոր է բնապահպանական կրթության ընդգրկումը տարբեր ուսումնական ծրագրերում և հետազոտություններում»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալը:
2021 թվականից Հայաստանի կրթական համակարգը ենթարկվում է փոփոխությունների, այդ թվում՝ թարմացնելով ուսումնական ծրագրերը՝ կայուն զարգացմանն առնչվող թեմաների ինտեգրման և բնապահպանական կրթության վերաբերյալ։
Խոսելով բնապահպանական կրթության կարևորության մասին, նախարարի տեղակալը անդրադարձել է Հայաստանում ոչ ֆորմալ կրթության համակարգի կայացմանը և խոսել դրանում միջազգային կազմակերպությունների դերի վերաբերյալ։
«Շրջակա միջավայրի նախարարությունը մի քանի փոխըմբռնման հուշագիր է ստորագրել տարբեր ուսումնական հաստատությունների հետ՝ բնապահպանական կրթության և իրազեկման գործընթացն առավել արդյունավետ և համակարգված դարձնելու  նպատակով: Այնուամենայնիվ, դեռևս մի քանի գործողություններ կան անելու, որպեսզի պատշաճ կերպով լուծվեն բնապահպանական կրթության և իրազեկման բարձրացման հետ կապված խնդիրները»,-նշել է Գայանե Գաբրիելյանը,- կլիմայի փոփոխության վերաբերյալ ոչ ֆորմալ կրթությունը նույնպես հատուկ ուշադրության է արժանանում՝ նպաստելով կրթության բարելավման, իրազեկվածության բարձրացման և կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումների ու կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրագործմանը»։
Նախարարի տեղակալն իր ելույթում առանցքային ուշադրության է արժանացրել էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը, որն այն  հիմնական քաղաքական փաստաթուղթն է, որն ուղղորդում է բնապահպանական կրթության խթանման աշխատանքները: 
Նախարարի տեղակալը խոսել է նաև  «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնության մասին։