ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2024
Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այսօր (ԳԴՀ ՏՀԶՆ) հայտարարեցին «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի պաշտոնական մեկնարկը` պայմանագրի ստորագրման արարողության միջոցով:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (6.2 մլն. եվրո) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (6,1 մլն. եվրո) կողմից և իրականացվելու է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից:
Ծրագիրը մեկնարկելու է 2024 թ-ի մայիսի 1-ին, տևողությունը՝ 3 տարի:
«Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ՀՀ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող գյուղական համայնքներին օգտագործել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը կայուն, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ զարգացման համար, ինչպես նաև աջակցել վերականգնվող էներգիային և էներգաարդյունավետությանն ուղղված հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ տնային տնտեսությունների և փոքր ձեռնարկությունների մակարդակում: 
Դրանով ծրագիրը ձգտում է ուժեղացնել գյուղական համայնքների դիմակայունությունը կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Նպատակային միջամտությունների միջոցով ծրագիրը ձգտում է բարելավել գյուղական հայկական համայնքների կարողությունը՝ դիմակայելու և հարմարվելու փոփոխվող կլիմայական պայմաններին:Այն աջակցում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությանը՝ կենտրոնանալով տարածաշրջանային կայուն զարգացման և կայուն էներգիայի հասանելիության վրա:
Միջոցառման նպատակն էր պաշտոնականացնել ՏԿԵՆ, ԵՄ և ԳԴՀ ՏՀԶՆ միջև հանձնառությունն ու գործընկերությունը՝ ԳՄՀԸ հետ համագործակցությամբ: 
Արարողությունը նշանավորեց ծրագրի մեկնարկը՝ ազդարարելով համատեղ ջանքերի սկիզբը՝ Հայաստանի համայնքներում խթանելու կայուն էներգետիկ լուծումները և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն զարգացումը։