ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2022
Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում, քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝վերջին շրջանում գորշ արջերի առնաձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։ 
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններից։
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն արձանագրել է, որ թեև բնապահպանական տեսանկյունից գոհացնող արդյունք է կենսաբազմազանության վերականգնումը և կենդանատեսակի քանակի աճը, սակայն այս դեպքում խնդիրը նաև այլ մտահոգիչ կողմեր ունի, որոնք պակաս կարևոր չեն։
«Գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը։ Այս հարցի շուրջ լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող»,-նշել է նախարարի տեղակալը և խնդրել գործընկերներին առավել ակտիվորեն ներգրավվել գործընթացի մեջ՝ համատեղ ուժերով խնդրին լուծումներ տալու նպատակով։
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արփինե Փանոյանը գործընկերներին է ներկայացրել վերջին տարիներին գրանցված հարձակումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալներ՝ հարձակումների արեալներ, ժամանակահատված, հասցված վնասի չափ։
Արփինե Փանոյանը տեղեկացրել է նաև, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է ձևավորել «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ»-ի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում կներգրավվեն խնդրով շահագրգիռ բոլոր անձինք, գերատեսչություններն ու կազմակերպությունները։ Աշխատանքային խմբի գործառույթներից մեկն էլ կլինի մարդ-գորշ արջ հակամարտությանը լուծումներ գտնելը։
Նախարարի տեղակալը հանձնարարել է աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը որքան հնարավոր է շուտ մեկնարկել։
Քննարկման մասնակիցների կողմից ներկայացվել են խնդրին լուծումներ տալու իրենց մոտեցումներն ու դիտարկումները։