ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2024
Ապրիլի 15՝ բնապահպանական գիտելիքի օր

Ամեն տարի ապրիլի 15-ն  աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես բնապահպանական գիտելիքի օր: 
Օրվա պատմությունը սկսվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի համաժողովում, որտեղ քննարկվել են շրջակա միջավայրի խնդիրները և ընդգծվել էկոլոգիական կրթության հսկայական նշանակությունն աշխարհի բոլոր երկրների բնակչության համար՝ որպես գոյատևման և կայուն զարգացման ռազմավարության իրականացման մաս։ 
Օրվա հիմնական նպատակներն են՝ խթանել բնապահպանական գիտելիքները և հասարակության էկոլոգիական մշակույթի ձևավորումը, հասարակության լայն շերտերին իրազեկել էկոլոգիական անվտանգության և շրջակա միջավայրի վիճակի մասին, ինչպես նաև դաստիարակել և պատրաստել  քաղաքացիներ, ովքեր կարող են մտածել էկոլոգիապես։
Շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքը և բնական ռեսուրսների անխնա օգտագործման վերաբերյալ մակերեսային ընկալումը հետևանք են էկոլոգիական գիտելիքների և մշակույթի ցածր մակարդակի կամ բացակայության: 
Հետևաբար նոր էկոլոգիական մտածելակերպի ձևավորումը, հիմնված բնության և հասարակության համատեղ զարգացման սկզբունքների վրա, անհնար է առանց համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության:
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները դպրոցներ և նախակրթական հաստատություններ պարբերաբար փոխադարձ այցերի միջոցով մշտապես իրականացնում են էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։