ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2024
Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն

Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։ 
Քաղաքացիներին նախատեսվող օրենսդրական բարեփոխումների և համակարգի ներդրման մանրամասներին իրազեկելու նպատակով շարունակում ենք Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի շարք։
Որո՞նք են Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) արտադրողի պարտավորությունները 
ԱԸՊ ապրանքի որոշ խոշոր արտադրողները և ներմուծողները ստեղծում են Արտադրողի պատասխանատվության կազմակերպություն (ԱՊԿ), որը համակարգում է իրենց կողմից իրացված ԱԸՊ ապրանքներից գոյացած թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածությունը: 
Տվյալ ԱԸՊ ապրանքի բոլոր արտադրողները և ներմուծողները անդամակցում են ԱՊԿ-ի և վերջինիս վճարում ԱԸՊ վճար, որը ձևավորվում է ըստ արտադրողի կողմից իրացված ԱԸՊ ապրանքների ծավալի։
Օրինակ, կենցաղային մարտկոց ներմուծող մի քանի ընկերություն կհամահիմնադրեն հատուկ ԱՊԿ, որը կհամակարգի մարտկոց ներմուծող բոլոր ընկերությունների կողմից իրացված մարտկոցներից գոյացած թափոնների հավաքումը և վնասազերծումը։
Հավաքագրված ԱԸՊ վճարները բացառապես ծախսվում են գոյացած թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածությունը կազմակերպելու նպատակով։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրությունը մշակվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում։