ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.11.2022
Հայաստանում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման մասին քննարկում

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկում։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման հեռանկարները, ներկայացվեցին ոլորտի տեղական և միջազգային փորձագետների կարծիքները, համանման փորձ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերներն և քաղված դասերը, անդրադարձ կատարվեց թափոնների կայուն կառավարման տեղական նախաձեռնություններին։ Ներկայացվեց նաև հանրային կապերի և կրթության դերը թափոնների կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման և հասարակության շրջանում վարքագծի փոփոխության գործում։
Կարևորելով արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման օրենսդրական հենքի մշակման անհրաժեշտությունը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց. «Շրջակա միջավայրի նախարարությունը իրապես կարևորում է ՇՄՆ, ՏԿԵՆ և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված եռակողմ փոխըմբռնման հուշագիրը և վերջինիս շրջանակներում նախատեսվող փոխշահավետ համագործակցությունը՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի իրագործման արդյունքում»։
Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը քննարկման ընթացքում նշեց. «Բնական պաշարների կայուն օգտագործումը Շվեդիայի համար առաջնահերթություն է և համապատասխանում է Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Հայաստանի ռազմավարությանը։ Մենք համագործակցում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ այդ ռազմավարությունը կյանքի կոչելու հարցում։ 3,5 միլիոն եվրոյի չափով այս ծրագիրը վերաբերվում է հենց կենցաղային թափոնների տարանջատված հավաքման և արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը»։
Անդրադառնալով ԱԸՊ համակարգի ներդրման կարևորությանը՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կոցմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալեպտյանն ընդգծեց. «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգն ապահովում է արտադրողների կամ ներմուծողների կողմից շուկա բերված կոնկրետ ապրանքների սպառումից հետո առաջացող թափոնների էկոլոգիապես ապահով կառավարումը։ Կարևոր է նշել, որ խոսքը գնում է ոչ միայն ապակե, թղթե կամ պլաստիկ փաթեթավորման թափոնների մասին, այլև վտանգավոր թափոնների մասին, ինչպիսիք են անվադողերը, մարտկոցները, քիմիկատների տարաները, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոնները և այլն»։
Քննարկվող թեմայի կարևորության մասին խոսեցին նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը,, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» և «Հայ-բրիտանական գործարարության պալատ» ՀԿ-ների, «RWA Group»-ի և «Պարպունաս Սըսթեյնըբիլիթի Քընսալթընթս» ընկերության ներկայացուցիչները՝ անդրադառնալով Հայաստանում ԱԸՊ համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերին և այլ երկրներում համանման փորձի մասին։